Ռոտերդամում շարունակվող կանանց սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 8-րդ առաջնությունում պայքարի մեջ մնացած մարզուհիները երեկ հանգստանում էին: Նրանց մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ՝ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը: Նա, քառորդ եզրափակչում միավորներով պարտության մատնելով բուլղարուհի Մարգարիտա Շանեւային, իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովեց: Այսօր եզրափակչի ուղեգրի համար Արմինեն ուժերը չափելու է Չեխիայի ներկայացուցիչ Մարտինա Շմորանզովայի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչներն առաջին իսկ գոտեմարտում պարտություն էին կրել:
Հայաստանի կանանց ազգային հավաքականն առաջին անգամ է հանդես գալիս պաշտոնական մրցումներում եւ նորամուտը, փաստորեն, հաջող ստացվեց: