Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Fasebook»-ի իր էջում երեկ տեղեկացրել է, որ ՈՒԵՖԱ-ն մերժել է Իռլանդիա-Հայաստան խաղում Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ հայտարարելու՝ ՀՖՖ-ի դիմումը: Դա նշանակում է, որ մեր ընտրանու դարպասապահը հաջորդ պաշտոնական հանդիպումը բաց է թողնելու:
Ֆուտբոլի եվրոպական եւ համաշխարհային ղեկավար կառույցները, որպես կանոն, խուսափում են արդեն ավարտված խաղի հետ կապված մրցավարական որեւէ որոշում փոխել: Սակայն օրինակներ կան, երբ սխալը եթե բացահայտ ու աղաղակող է լինում, այնուամենայնիվ, գոնե մասնակի սրբագրումներ կատարում են: Բերեզովսկու հետ կապված դեպքը հենց այդ ոլորտից էր: Եվրոպական մամուլը մրցավարի որոշումը կապեց աշխարհի նախորդ առաջնության ընտրական մրցաշարում Ֆրանսիայից մրացավարական նույնանման կոպիտ սխալի պատճառով տուժած Իռլանդիային փոխհատուցելու մտադրության հետ: Ու եթե այդ ենթադրությունը սխալ լիներ, ՈՒԵՖԱ-ն, հաստատ, այս անգամ արդարությունը գոնե մասամբ վերականգնելու քայլ կկատարեր: