Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԱՐԴԵՆ՝ ԿԵՍՈՅԱՆ

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"Կոմպոզիտոր Գայանե Քեոսայանը վերադառնում է արմատներին

Ամռանը, մոսկովյան «Նոյեվ կովչեգ» պարբերականի տեղեկացմամբ, Հռոմեական կաթոլիկ մայր տաճարում կայացել էր շքեղ համերգ՝ մոսկվաբնակ հայազգի երիտասարդ երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Անժելի Գեւորգյանի (սոպրանո), Գարրի Եվրիկյանի (երգեհոն) եւ Հայկ Գալստյանի (ջութակ) մասնակցությամբ: Ընդգրկուն ծրագրում հնչել են Բախից մինչեւ Կոմիտաս եւ ժամանակակից կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի երկերը: «Առավոտի» փորձերը՝ կապվել Գ. Քեոսայանի հետ, չէր ստացվում, քանի որ, նրա ընտանիքի փոխանցմամբ՝ կոմպոզիտորը շուրջ երկու տարի գտնվում է Մոսկվայում: Արդեն արվեստագետը հայրենիքում է եւ սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ: Տիկին Քեոսայանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին էլ Երաժշտական գործիչների միջազգային միության Արխիպովյան սրահում, այլ կոմպոզիտորների թվում, հնչել է նաեւ իր ստեղծագործությունը: Հայտնեց նաեւ, որ 2010թ. ամռանը մասնակցել է «Հրավիրում ենք բարեկամներին» 4-րդ միջազգային երաժշտական փառատոնին, որի շրջանակներում Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովյան դահլիճում կատարվել են նաեւ իր ստեղծագործություններից: Նույն թվականի գարնանն էլ Մոսկվայի կոմպոզիտորների միության դահլիճում կայացած «Արցախ» կվինտետի համերգի ժամանակ Գ. Հովունցի, Էդ. Սադոյանի, Ա. Ոսկանյանի, Մ. Վարդազարյանի եւ այլոց գործերի կողքին հնչել է նաեւ իր երկը: Կանխելով հարցը, մեր զրուցակիցը նախ ասաց, որ չստեղծվի տպավորություն, թե ինքը ինչ-ինչ պատճառներով է երկու տարի անցկացրել Մոսկվայում. «Սրտիս մի մասն է այնտեղ (նկատի ունի որդու ընտանիքը- Ս.Դ.), մյուս կողմից՝ այնտեղ նաեւ ստեղծագործել եմ. Կոմիտասի խոսքերով գրված երեք երգերս վերաճեցին հինգի, ավելացավ նաեւ «Տեր ողորմյան» եւ ցիկլը ավարտեցի «Հայր մեր»-ով: Հռոմեական կաթոլիկ մայր տաճարում «Հայր մերը» հնչում էր առաջին անգամ: Ներկաները խնդրում էին երկերի նոտաները, ոմանք էլ առաջին անգամ իրենց համար բացահայտեցին Կոմիտաս բանաստեղծին: Այս համերգը այնպիսի արձագանք գտավ, որ կոմիտասյան բանաստեղծությունները թարգմանեցի նաեւ ռուսերեն: Իսկ ռուս գործընկերներս խոստացան, որ այսուհետեւ իրենց արտիստների մեկնաբանությամբ, իրենց մայրենիով կհնչեցնեն Կոմիտաս: Կարճ ասած՝ աննկարագրելի հպարտություն էի ապրում, որ ես Կոմիտասի ազգից եմ»:
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ «Նոյեվ կովչեգում» եւ համերգային բուկլետներում Քեոսայանը ներկայացված է Կեսոյան: Կոմպոզիտորի պատասխանը հետեւյալն էր. «Եղեռնից հետո աշխարհով մեկ սփռված մեր տոհմի հատկապես արվեստագետների ազգանունները ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկվել: Միայն մոսկվաբնակ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի եւ նրա որդիների ազգանունն է ուղիղ մնացել, այն էլ, հասկանալի պատճառով, ռուսերեն գրվում է Կեոսայան: Իսկ, ասենք, ֆրանսիացի կինոդերասանուհի Ջեսսի Քյոսիանը, որը առավել հայտնի է «Լեո» ֆիլմում Ժան Ռենոյի հետ ունեցած իր խաղով, իմ զարմուհին է եւ այլն: Ինչ վերաբերում է իմ նոր՝ Կեսոյան ազգանվանը, դա գալիս է նրանից, որ հորս ժամանակին անվանել են Ռուբեն Կեսո…»: Անդրադառնալով մոսկովյան շրջանին, Գ. Կեսոյանը ասաց նաեւ, որ ինքը երկու սիմֆոնիկ գործ է գրել՝ «Նվիրում Արցախին» եւ «Մտորումներ»: Հիշեցնելով ժամանակին հիթեր դարձած երգերը Էլվինա Մակարյանի, Նադեժդա Սարգսյանի եւ մյուսների կատարմամբ, հետաքրքրվեցինք, թե էլ չի՞ ձգում շոու-բիզնեսը: Գ. Քեոսայանը, որ խնդրեց իրեն այլեւս Կեսոյան անվանել, ասաց, որ ցանկացած ժանրում սիրով է ստեղծագործում, իսկ շուտով կհնչի իր նոր երգը՝ երգիչ Մհերի կատարմամբ եւ անհամբեր սպասում է Շարլ Ազնավուրի թանգարանի բացմանը, քանի որ շանսոնյեին, ում հետ բախտ է ունեցել հայկական հեռուստատեսությամբ ծավալուն հարցազրույց վարել 1993թ., անակնկալ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել