Հոկտեմբերի 19-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, Տավուշի մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 1985 թվականին ծնված Արեն Սարուխանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, նա մտել է Կողբ գյուղի բնակիչ, 1928 թվականին ծնված Ա. Ա.-ի տուն եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելով՝ բռնաբարել է ծեր կնոջը (https://www.aravot.am/am/ articles/rights/ 98064/view):
Տավուշի մարզի Կողբ գյուղի 83-ամա բռնաբարված բնակչուհին դեռ շոկի մեջ է: Նա կատարվածի մեջ մեղավոր չէ, սակայն դեպքի պատճառով ամոթ է զգում: Հայտնի են դարձել կատարվածի մանրամասները: 26-ամյա Արեն Սարուխանյանը Նոյեմբերյան քաղաք էր տեղափոխվել, երբ մայրն ամուսնացել էր Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի հետ: Նախկինում Արենը Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, ամուսնացած մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Ազատազրկման վայրից դուրս գալով՝ նա Կողբում բնակվել է վարձով, չի աշխատել: Ծեր կինը Կողբում միայնակ էր ապրում, նրա մի տղան Ռուսաստանում է, մյուսն էլ նույն գյուղի նույն թաղում՝ առանձին, իր ընտանիքի հետ է բնակվում: 26-ամյա Արենն այդ օրը աշխատել է իր ապագա զոհի բակում՝ կոտրել է կնոջ վառելափայտը, ստացել իր գործի վաստակը, հեռացել, հետո վերադառնալով՝ տան պատուհանով ներս է խուժել կնոջ ննջասենյակ եւ մի քանի ժամ գտնվել այնտեղ: Նա պառավ կնոջը հայհոյել է, ծեծի ենթարկել: Արեն Սարուխանյանը նախկինում փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել կողբեցի մի հաշմանդամ կնոջ հետ, ապա բաժանվել է նրանից: Կինը 2 տարեկան տղա ունի, սակայն Արենը երեխայի հայրությունը չի ճանաչել:
Ինչպես ասվեց, բռնաբարության դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ: Սակայն Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը ընտրողաբար է լրագրողներին տեղեկատվություն տալիս: Որ լրատվամիջոցին ցանկանում՝ տեղեկատվություն է տալիս, մյուսներին մերժում է՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: