Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՄԻՋՈՑԸ՝ ՆԿԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար 6 իրանցի դատապարտվել է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 17-ին ավարտեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների դեմ հարուցված գործի դատաքննությունը:
Նրանք, ըստ մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության, Թուրքիայից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի ափիոն եւ հերոին տեսակների թմրամիջոցներ ապօրինի փոխադրելու, իրացնելու նպատակով, այլ պետություն փոխադրելու վերաբերյալ ԻԻՀ-ում նախնական պայմանավորվածությամբ կազմակերպել են կայուն խումբ:
Պայմանավորվածության համաձայն, համապատասխան դերաբաշխմամբ, ԻԻՀ քաղաքացիներ Հոսեին Խալեկանի Թազեհկանդը 2010թ. հունվարի 31-ին, իսկ Մոստաֆա Ադվաին, Էբրահիմ Աշրաֆյանը եւ Ջամալ Խալկանի Թազեհկանդը անցյալ տարվա փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային կետով Իրանից ժամանել են Երեւան: Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդի կողմից ափիոն թմրամիջոցը Հայաստանում ստանալու եւ ապօրինի իրացնելու, իսկ Մոստաֆա Հասսանի Ադվաիի, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանի եւ Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի կողմից հերոին թմրամիջոցը Հայաստանում ստանալու, իրացնելու նպատակով այլ պետություն փոխադրելու մասին պայմանավորվածության համաձայն՝ վաղօրոք՝ փետրվարի 7-ին, գնացել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի ՀՀ պետական սահմանին հարակից տարածք, ծանոթացել տեղանքին, ուսումնասիրել այն վայրը, որտեղից իրենց պետք է փոխանցվեր թմրանյութը:
Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, փետրվարի 8-ին, ժամը 20-ի սահմաններում ԻԻՀ քաղաքացի Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդը ազգությամբ հայ Հ. Գրիգորյանի ավտոմեքենայով եւ Մոստաֆա Հասսանի Ադվաին, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի հանձնարարությամբ Հ. Դավթյանի ավտոմեքենայով միմյանցից առանձին մեկնել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մոտ:
Մոստաֆա Հասսանի Ադվաին եւ Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին հանդիպել են հայ-թուրքական պետական սահմանի փշալարերի մոտ. «Այնուհետեւ վերջիններս հանդիպել են հակառակ կողմից փշալարերին մոտեցած Թուրքիայի Հանրապետությունից ժամանած քրեական գործի քննությամբ չպարզված անձանց»: Մաքսային հսկողությունից թաքցնելով, փշալարի վրայով նետելու միջոցով Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդը ապօրինի իրացնելու նպատակով ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերի՝ 3820 գրամ հաստատուն քաշով ափիոն: Իսկ Մոստաֆա Հասսանի Ադվաին եւ Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը այլ պետություն փոխադրելու, իրացնելու նպատակով ձեռք են բերել 6934.2 գրամ հերոին, որը պահված է եղել թվով 9 նկարների շրջանակներում:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին, Մոստաֆա Հասսանի Ադվաիին եւ Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման՝ իրենց սեփականությունը համարվող ամբողջ գույքի բռնագրավմամբ:
Իսկ Թամո Ֆայզոյի Քալաշյանը՝ 13 տարի ժամկետով, նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի բռնագրավմամբ:
Մեղադրյալներ Արսեն Մելքոնյանը դատապարտվեց 11 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, իսկ Արթուր Եղիազարյանը՝ 8 տարի ժամկետով՝ գույքի 1/4 մասի բռնագրավմամբ:
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, վերոհիշյալ քրեական գործից ԻԻՀ-ում նախնական պայմանավորվածությամբ կայուն խումբ կազմակերպելու մեջ մեղադրվող Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի մասն անջատվել է առանձին վարույթ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Այս տարվա ամռանը ԻԻՀ իրավապահների կողմից Թազեհկանդին ձերբակալվել է: ՀՀ եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ «հանձնման համաձայնագրի» շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը նախկինում հարուցված քրեական գործն ուղարկել է ԻԻՀ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել