Երեւանի պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն ընդունում է բարձր ռիսկային եւ բարդ հղիություն ունեցող կանանց ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից: Այս բուժկենտրոնում տարեկան գրանցվում է ավելի քան 3500 ծնունդ: Այս փաստով պայմանավորված, երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink հ/կ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ՝ նվիրաբերելով նորագույն սարքավորումներ:
Նախկինում ինստիտուտում գոյություն ունեցող սարքավորումների քանակը թույլ չէր տալիս խնամք ապահովել այստեղ տեղափոխվող առողջական խնդիրներ ունեցող մեծ թվով նորածիններին: Խնդիրը լուծելու համար ինստիտուտի սարքավորումների բազան համալրվել է ինտենսիվ թերապիայի սեղանով, հիվանդի ախտորոշման մոնիտորներով, օդափոխիչով եւ այլ տեխնիկայով: «Birthlink կազմակերպության հետ մեր համատեղ նախագիծը շարունակվում է, որովհետեւ մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նորածին երեխա արժանի է ունենալու ապրելու հնարավորություն: Այս բուժհաստատությունում բուժվում են երեխաներ Հայաստանի բոլոր շրջաններից, եւ այսօր այն պատրաստ է փրկել ավելի շատ մարդկային կյանքեր: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հպարտ է լինել այնպիսի նախագծերի կողքին, որոնք կյանք են պարգեւում մեր երկրին եւ ավելի լավ կյանքի հույս են ներշնչում»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: