Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱ ՉՈՐ ԿԱԹ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"Կաթնամթերքի արտադրատեսակներից շատերը հանդիսանում են առաջին անհրաժեշտության սննդամթերք: Եվ դրանով է պայմանավորված, որ այդ ոլորտի նկատմամբ սպառողների ուշադրությունը միշտ էլ մեծ է եղել: Մեր երկրում ոլորտի առաջատարներից մեկի՝ «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանի հետ հարցազրույցում հիմնականում արծարծված են սպառողների եւ որոշ ԶԼՄ-ների շրջանում առաջացած հարցերը:

– Ձեր ընկերությանը վերջերս, փաստորեն, սկսել են մեղադրել կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու մեջ: Այսինքն՝ կաթնարտադրության ոլորտում առաջատար լինելով, Դուք այսօր շուկային գնային քաղաքականություն եք թելադրում:
– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Աշտարակ կաթը» Հայաստանի կաթնարդյունաբերության շուկայում արդեն երկար տարիներ պահպանում է առաջատարի իր կարգավիճակը: Գուցե նաեւ դրանով է պայմանավորված մեր ընկերության հանդեպ առկա, ես կասեի՝ առանձնակի ուշադրությունը: Ինչ վերաբերում է մեր գնային քաղաքականությանը, ապա նախ արձանագրենք, որ գների բարձրացումները միայն որոշ ապրանքատեսակների համար են եղել, բայց նույնիսկ այդ պարագայում կաթնամթերքի շուկայում գնային կառուցվածքի լուրջ եւ կտրուկ շեղումներ չնկատվեցին: Ինչպես եւ նախկինում, այսօր էլ կաթնամթերքի հայաստանյան շուկայում կան արտադրատեսակներ, որոնք «Աշտարակ կաթի» արտադրանքի գներից ավելի էժան են, եւ կան՝ որոնք ավելի թանկ են: Այսինքն՝ շուկայում մեր ընկերության կողմից գնային քաղաքականություն թելադրելու մասին պնդումները բացարձակապես անհիմն են: Դե, իսկ ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրքի իբր չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներին, ապա մեր երկրում կա համապատասխան պետական լիազորված մարմին, որի գործառույթի մեջ է մտնում ուսումնասիրություններ եւ գնահատականներ տալը եւ ավելի ճիշտ կլինի, որպեսզի այդ պետական կառույցը գնահատականներ տա շուկայում տիրող իրավիճակին:
– Այնուամենայնիվ, Դուք նշեցիք, որ Ձեր ընկերության որոշ արտադրատեսակների գները բարձրացել են: Արդյո՞ք հնարավոր չէր խուսափել նման քայլից:
– Բավականին երկար ժամանակ մենք իրոք խուսափում էինք մեր գնային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելուց, սակայն մթերման շուկայում վերջին տարիներին տեղի ունեցած հումքի թանկացումից հետո, բնականաբար, մենք ստիպված էինք վերանայել որոշ արտադրատեսակների գներ: «Աշտարակ կաթ» ընկերությունը 2011թ. ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի եւ վառելիքի գները: Հատկանշական է, որ ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա: Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետեւանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը: Այնուհանդերձ, անկախ ամեն ինչից, պետք է փաստեմ, որ մենք այսօր էլ ունենք տեսականի, մասնավորապես «Կովիկը», որը մեր սպառողների համար ավելի մատչելի է, քան մեր «դասական» կաթնամթերքները:
– Համաձայն շրջանառվող լուրերի՝ այսօր բոլոր կաթնամթերք արտադրող ընկերությունները կաթի փոշի են գործածում, ինչը, սակայն, չի մակնշվում: Հավանաբար, «Աշտարակ կաթը» բացառություն չէ: Չե՞ք կարծում, որ այստեղ սպառողի իրավունքների խախտում կա, որովհետեւ մարդը չգիտի՝ բնակա՞ն, թե՞ չոր կաթ է գնում: Ի՞նչ բացատրություն կտաք շրջանառվող այն լուրերին, որ «Աշտարակ կաթը» սեփական արտադրության չոր կաթն արտահանում է Եվրոպա:
– Նախեւառաջ ուզում եմ ասել, որ չոր կաթը եւս բնական է, եւ այն ստացվում է հում բնական կաթի ջերմային մշակման արդյունքում կամ, ժողովրդի լեզվով ասած, չորացմամբ: Չոր կաթը ոչ բնական համարելը նույնն է, ինչ, օրինակ, պնդել, որ ծիրանի չիրը, ի տարբերություն ծիրանի, բնական սննդամթերք չէ: Կաթնամթերքի արտադրության ոլորտում աշխատող ցանկացած ընկերություն, որն ունի արտադրանքի տեսականու լայն սպեկտոր, պարզապես չի կարող իր արտադրական պրոցեսում բացառել չոր կաթի օգտագործումը որոշ տեսականու համար: Օրինակ, մեր արտադրանքի որոշ տեսակների, ասենք՝ պաղպաղակի պատրաստման մեջ, չոր կաթը գրեթե միշտ օգտագործվում է՝ համաձայն բաղադրատոմսի: Կարծում եմ, պետք է հրաժարվել չոր կաթի նկատմամբ եղած կարծրատիպերից, որովհետեւ չոր կաթը հատուկ ջերմամշակման միջոցով ստացվում է նույն անարատ կաթից, չի պարունակում որեւէ հավելումներ եւ կաթնամթերքի արտադրության մեջ ընդունված է ամբողջ աշխարհում: Չոր կաթի օգտագործումը նաեւ սեզոնային բնույթ ունի. ամառային շրջանում, երբ կաթը շատ է եւ մեզ մոտ ավելցուկ է լինում, մենք այն ջրազրկում ու չոր տեսքով պահպանում ենք, ավելի սակավ շրջանում հում կաթի նորմալացում կատարելու համար, եւ այն վաճառվում է համապատասխան մակնշմամբ: Ի դեպ, ինչ վերաբերում է մակնշմանը, ապա հստակ կարող եմ ասել, որ մեր ընկերությունը ՀՀ օրենսդրության պահանջներից բխող պարտադիր բոլոր մակնշումները իր արտադրանքի վրա կատարում է: Որքանով մեզ հայտնի է, մեր բարեխիղճ մրցակից ընկերությունները եւս հիմնականում համապատասխան մակնշումներ իրականացնում են: Այս առումով կխնդրեի ուղղակի ուշադիր լինել եւ մակնշման միջոցով պարզ կլինեն բոլոր հարցերը: Ինչ վերաբերում է Եվրոպա սեփական արտադրության չոր կաթը, իբր, արտահանելուն, ապա ասեմ, որ ուրախ կլինեի նման արտահանում իրականացնելու հնարավորություն ունենալու համար: Սակայն իրողությունն այն է, որ մեր արտադրած բարձորակ չոր կաթի ծավալներն առայժմ ընդամենը բավարարում են ներքին շուկայի պահանջարկը հագեցնելու համար: Ի դեպ, ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա, ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության պետական տեսչության կողմից տրամադրված տվյալների, կենդանական ծագման սննդամթերքներից՝ Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ է արտահանվում միայն կենդանի խեցգետին: Այնպես որ, մեր ընկերության կողմից արտադրված չոր կաթի Եվրոպա արտահանման մասին լուրերը՝ զուտ ոմանց անտեղյակության հերթական դրսեւորումն են:
– Եթե կաթի փոշի գործածելը թույլատրելի է, ապա սոդայի կիրառումը, հաստատ, արգելված է կաթնարտադրության մեջ: Ձեր ընկերությանը մեղադրում էին նաեւ պանրի ու կաթի մեջ սոդա հայտնաբերելու համար: Չե՞ք կարծում, որ սա բավական վտանգավոր է, եւ կաթնամթերք արտադրող ընկերությունները կարող են դա կիրառել՝ արհեստականորեն երկարացնելով սեփական արտադրանքի պահպանման ժամկետը:
– Մեր հասցեին նման մեղադրանքներ ուղղողները պարզապես պատկերացում չունեն մեր ընկերությունում կիրառվող տեխնոլոգիական շղթայի մասին: «Աշտարակ կաթի» բոլոր մթերման կետերն ու արտադրամասերը հագեցած են հում կաթի սառեցման եւ լավագույնս պահպանելու սարքավորումներով, եւ անկախ ամեն ինչից, սոդայի կարիք մենք պարզապես չունենք: Կուզեի հիշեցնել նաեւ, որ նման խոսակցություններ նախկինում էլ արդեն եղել են, եւ պետության կողմից լիազորված մարմինները հերքել են այն՝ նշելով, որ նման փորձաքննություն կատարելու համար լաբորատորիա մեր երկրում առհասարակ չկա: Ի դեպ, առայժմ չկան նաեւ սահմանված համապատասխան նորմաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել