«Ազնավուրը, որն աշխարհի հինգ երգիչներից մեկն է ու նաեւ ՀՀ դեսպանը Շվեյցարիայում, ուղիղ ասաց, որ Հայաստանի դատարկման միակ աղբյուրը մաֆիան է։ Այն հանցագործ խմբերը, որ սերտաճեցին իշխանության հետ, կոչվեցին մաֆիա, եւ դրա մասին ասում է ՀՀ դեսպանը»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ ասուլիսում հայտարարել է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս սպասում է, թե ինչպես այս հայտարարությանը կարձագանքի իշխանությունը. «Կամ հետ կանչեք դեսպանին ու ասեք, որ նա զրպարտել ա, կամ էլ համաձայնվեք»: Ըստ բանախոսի, Հայաստանում մեծ անջրպետ կա փոքրաթիվ հարուստների եւ մեծաթիվ աղքատների միջեւ. «Օրեցօր թանկացումներ եւ արտագաղթ… դա մեզ համար օրհասական է։ Ստե՞լ է շանսոնյեն։ Ի՞նչ է հայաթափությունը, դա այն է, որ արեւմուտքում թուրքեր են, արեւելքում՝ ոչ բարով ադրբեջանցիները, այսօր սահմանամերձ գյուղերը դատարկ են, այդ գյուղապետերին պահում են, որ կրկին խայտառակ ընտրություններ անցկացնեն։ Որովհետեւ այն մարդը, որ ինչ-որ մարդկանց անօրինական ջանքերով է եկել իշխանության, պետք է ստիպված գոհացնի այդ մարդկանց, պետք է թույլ տա, որ նրանք թալանեն: Ճիշտ է շանսոնյեն, մեզ իշխում է մաֆիան, որից շուտ պետք է ազատվել, թե չէ՝ այդ վիճակը գնալով կխորանա: Մեր գենետիկ հիշողության մեջ ստրուկն է նստած, հակառակ դեպքում մենք այսքան երկար չէինք հանդուրժի տիրող անպատկառությունը»։ Գուրգեն Եղիազարյանը նաեւ հայտարարել է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ուրիշի փոխարեն է հայտնվել կալանավայրում. «Երբ նա մեր երկրի պես աղքատ երկրից միլիոններ էր թալանում, նախագահը չգիտե՞ր, ոստիկանապետը չգիտե՞ր… Եթե չես իմացել, ուրեմն ինչո՞ւ ես ոստիկանապետ, եթե հասկացել ես, ուրեմն մեղսակից ես, ուրեմն տեղերով փոխվեք Մարգար Օհանյանի հետ, դու գնա նստի, թող Մարգարը դուրս գա»,- Ալիկ Սերգեյիչին առաջարկել է ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան: