Երկու օր է՝ լրատվամիջոցները թմբկահարում են, որ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 31-րդ նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ երկկողմ հանդիպման եւ ապագայի վերաբերյալ պայմանավորվածությունների համար: Տիգրան Սարգսյանը չի հստակեցրել, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, երեւի առաջիկայում կտեսնենք ու ավելի առարկայական քննարկելու հնարավորություն կունենանք:
Բայց էականը ոչ թե առաջիկա ծրագրերն են, այլ այն, որ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Պուտինի հետ երկկողմ հանդիպում ունեցան ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներից ոչ բոլորը: Վարչապետի մերձավորագույն շրջապատում այս փաստը հատկապես են ընդգծում: Դա որոշ մարդկանց անգամ ոգեւորել է: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ որոշ շրջանակներից տեղեկատվություն «սպրդեց», որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ում հանդիպել է Պուտինի հետ, ինչ-ինչ հարցերի շուրջ զրուցել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել: Այդ փաստը հետո հերքվեց ՌԴ վարչապետի մամուլի ծառայության կողմից, բայց քարոզչական հնարավորությունը, ինչպես ասում են, օգտագործվեց ըստ նշանակության: Խոսակցությունները, որ շուտով Տիգրան Սարգսյանին փոխարինելու է Ռոբերտ Քոչարյանը, կրկին ասպարեզ ելան: Եվ բնական է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատին այդ միտքն անգամ անհանգստություն պետք է պատճառեր: Հիմա, Պուտինի եւ Տիգրան Սարգսյանի հանդիպումից հետո, Տիգրան Սարգսյանի կողմնակիցներն ավելի հանգիստ են:
Համենայնդեպս, երեկ վարչապետի մերձավորագույն շրջապատից մեկը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ու ապագայի մասին քննարկումները ցույց տվեցին նաեւ այն, որ հայաստանյան քաղաքական դաշտում շրջանառվող այն «կուտը», թե Պուտինի՝ իբրեւ նախագահ վերադարձը կարող է կանաչ լույս լինել Քոչարյանի համար, ընդամենը քարոզչական խայծ է»: