ԼՂ հակամարտության մասին երեկ ասաց կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը:
Հոկտեմբերի 16-20-ը Հարավային Կովկասի երկրներ կատարած տարածաշրջանային այցի վերջին կետը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի համար Երեւանն էր: ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի եւ որոշ այլ հանդիպումներից հետո պարոն Բըրնսը կարճատեւ հանդիպում ունեցավ հայաստանյան հինգ լրատվամիջոցների (այդ թվում՝ «Առավոտի») ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց ընդամենը երեք հարցի՝ ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների եւ ՀՀ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ:
Իր նախնական խոսքում պարոն Բըրնսը գնահատեց Հայաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերում. «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում միջազգային անվտանգության ուժերի կազմում Աֆղանստանում ՀՀ մասնակցությունը, բարձր ենք գնահատում նաեւ այն, որ վերջերս Հայաստանի կողմից այդ առաքելությունում ներգրավված զինծառայողների թիվն աճել է, ողջունում ենք նաեւ հայ խաղաղապահ ուժերի ներկայությունը Կոսովոյում»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, այն է՝ օգնել հակամարտող կողմերին հասնելու «տեւական խաղաղ լուծման՝ Լեռնային Ղարաբաղի հարցում»: Նա նաեւ նկատեց. «Հասկանալի է, որ այս խնդրին ռազմական լուծման տարբերակ չկա, եւ ակնհայտ է, որ «ստատուս քվո»-ի իրավիճակը չի կարող պահպանվել այլեւս: Ահա թե ինչու պետք է այս խնդրին մոտենալ հրատապության զգացումով: Դովիլում Մինսկի խմբի մասնակից երկրների նախագահների հայտարարությամբ հստակ նշվեց, որ երկու երկրների նախագահները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, այլեւ ոչ թե պատերազմների: Ես միայն կվերահաստատեմ ԱՄՆ պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի տեւական խաղաղ լուծում լինի այս խնդրին»:
Հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցին էլ պարոն Բըրնսը պատասխանեց նույն՝ համահարթեցնող, կողմերի միջեւ թերեւս անարդար, բայց դիվանագիտական հավասարության նշան դնելու ոճով. «Մենք պաշտպանում ենք հայ-թուրքական արձանագրությունները եւ հույս ունենք, որ դրանք երկու երկրների կողմից կվավերացվեն: ԱՄՆ-ը օժանդակել է հայ-թուրքական հարաբերություններին, եւ կարծում ենք, որ դա երկու երկրների եւ երկու ժողովուրդրների շահերից է բխում՝ արագ առաջընթաց ունենալ այս ասպարեզում եւ արագ վավերացնել արձանագրությունները: Որքան շուտ՝ այնքան լավ»:
Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին, մասնավորապես՝ տնտեսական բլոկին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շեշտը դրեց Հայաստանում խորը արմատներ գցած կոռուպցիայի վրա. «Միացյալ Նահանգները օժանդակում է Հայաստանում տնտեսական եւ շուկայական բարեփոխումներին: Մենք ձգտում ենք օգնել Հայաստանի տնտեսական առաջընթացին թե Հայ-ամերիկյան տնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական աշխատանքային խմբի շրջանակներում, թե մեր աջակցության ծրագրերի մասով: Փաստ է, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, թույլ չի տալիս զարգացում ապահովել: Մենք քաջալերում ենք Հայաստանին՝ բարելավել գործարար միջավայրը, որը կհանգեցնի մեր կողմից առեւտրի ծավալների մեծացմանը»:
Հայաստանի հիվանդություններից մեկն էլ, կոռուպցիայից բացի, ժողովրդավարական ինստիտուտների անկատարությունն է: ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին պարոն Բըրնսի տեսակետը հետեւյալն էր. «Հայաստանում 2012-ը ընտրական տարի է, եւ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ մենք քննարկեցինք այնպիսի միջավայրի ձեւավորումը, որը նպաստավոր կլինի ազատ եւ արդար ընտրությունների համար ոչ միայն քվեարկության օրը, այլեւ ժողովրդավարական գործընթացների լայն համատեքստում. դա նշանակում է խրախուսել բազմազանությունը լրատվամիջոցներում, որպեսզի քաղաքացիները իրազեկված լինեն եւ ինքնուրույն որոշումներ կայացնեն: Միացյալ Նահանգները պաշտպանում, աջակցում է ժողովրդավարական հաստատությունների կայացմանը ՀՀ-ում: Սա Միացյալ Նահանգներին լավություն անել չէ, սա այս երկրի ժողովրդի շահերից է բխում: Մենք նաեւ ծայրաստիճան կարեւորում ենք ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված աշխատանքը, պետք է ոչ միայն անկախ լրատվամիջոցներ, այլեւ անկախ դատական համակարգ ձեւավորվի, որովհետեւ մի բան է, երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն ցանկացած երկրում այդ պայքարը հաջողությամբ պսակելու համար հարկավոր են անկախ դատական համակարգ, անկախ ԶԼՄ-ներ: Այս քայլերից ոչ մեկը դյուրին չէ, մեկ օրում չի լուծվում, բայց պետք է հասկանանք դրանց կարեւորությունը եւ շարունակենք առաջ մղել բարեփոխումները: Որովհետեւ միայն դրա արդյունքում կարող է ձեւավորվել այնպիսի հասարակարգ, որին արժանի է Հայաստանի ժողովուրդը»: