Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԱՍՊԱՐԻԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

Հոկտեմբեր 21,2011 00:00

Նրան կասկածում են նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մի բան, որը նա չի արել:

\"\"

Երեկ խաղաղ պայմաններում իրենց զինակիցների կողմից սպանված ու «ինքնասպանված» զինծառայողների հարազատներն ու «Բանակն իրականում» ֆեյսբուքյան խմբի անդամները, նաեւ իրավապաշտպանները ՀՀ կառավարության շենքի մոտ ավանդական բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով սպանված զինվորների գործերով արդար քննություն եւ դատաքննություն իրականացնել, պատժել բոլոր մեղավորներին՝ անկախ իրենց պաշտոնեական դիրքից: Այս ակցիան, սակայն, երեկ ուղեկցվել է բռնություններով եւ ոստիկանների ու ակտիվիստների միջեւ բախմամբ:
Չնայած ոստիկանության մեծ թվով աշխատակիցների ներկայությանը, ըստ news.am-ի, ակցիան բավական խաղաղ է ընթացել մինչ այն պահը, երբ կառավարության շենքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ իրեն ուղեկցողների հետ, եւ որոշել անցնել ցուցարարների միջով: Երբ ոստիկանապետի թիկնապահներն ու ոստիկանները, հրելով ակցիայի մասնակիցներին, փորձել են ճանապարհ բացել շեֆի համար՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին սկսել է բղավել՝ «Տականք, մի հրիր», ու շարունակել այս շարքը՝ «Սարգսյա՛ն, խուլիգան, անասուն, տականք, հանցագործ, ապուշ…»:
Ալիկ Սարգսյանը կանգ է առել ու ոստիկաններին հրահանգել, ըստ էության, Գասպարիի հարցերը լուծել. «Այսպես շարունակվել չի կարող: Մյուս անգամ էս վիճակը չկրկնվի: …ամեն արժան, անարժան փորձի սենց պահել իրեն, մարդկանց վիրավորի, իմաստը ո՞րն ա, ես իմաստը չեմ տեսնում:
Եթե նորմալ, խաղաղ ակցիա է, մարդիկ գալիս են բողոք հայտնելու, ես պատրաստ եմ էս մարդկանց հետ խոսել: Սե՛նց, լինելու բան չի» (https://news.am/arm
/news/78653.html): Ոստիկանապետն, ի վերջո, անցել է իրեն ամոթանք տվողների կողքով եւ հեռացել՝ հրաժարվելով պատասխանել զոհվածների ծնողների եւ լրագրողների հարցերին: Արդեն ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, ոստիկանները մոտեցել են Գասպարիին ու «հրավիրել» ոստիկանության բաժին: Վերջինս հրաժարվել է, իսկ իրեն ուժով տանելու ընթացքում նաեւ հերթական անգամ պառկել գետնին: Այդուհանդերձ, չնայած ցուցարարների պահանջին՝ հանգիստ թողնել Գասպարիին, ոստիկանները հրել են Գասպարիին պաշտպանող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ու ակցիայի մի քանի այլ մասնակիցների, իսկ Գասպարիին ուժի գործադրմամբ նստեցրել ոստիկանության մեքենան եւ տարել Կենտրոնականի բաժին:
Ակցիան, իհարկե, շարունակվել եւ երթով հասել է նախագահական նստավայր: Հենց այնտեղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունում Գասպարիին ազատ արձակելու մտադրություն չունեն: Ակցիայի մասնակիցներն ուղղվել են դեպի ոստիկանության բաժին, որտեղից աննկատ կերպով Գասպարիին տեղափոխել են ոստիկանության քննչական վարչություն:
Արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ Գասպարիին ձերբակալել են: Նա կասկածվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի առաջին մասի եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Երեկվա հիշյալ ակցիայի մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ Լալա Ասլիկյանը, Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղյանը, Զարուհի Փոստանջյանը,
Լենա Նազարյանն ու Սոնա Այվազյանը, հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, որում ասված է. «2011թ. հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջեւ կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին եւ ընթանում էր խաղաղ՝ մինչեւ այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իրեն շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից՝ շարժվել է դեպի ցուցարարները եւ հրելով նրանց՝ խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ՝ հրելով նրան, եւ վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսեւորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ՝ սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով, ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով՝ ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել եւ տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները եւ ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից»: Հաղորդման հեղինակները, հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում են, որ «ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար»:
Այն, որ ոստիկանությունը բազմիցս է գերազանցել իր լիազորությունները՝ փաստ է, բայց կոնկրետ դեպքում տարակուսելի է, թե ինչու են հաղորդում ներկայացրած հարգարժան մարդիկ մեղմորեն շրջանցել Գասպարիի հնչեցրած անձնական վիրավորանքները՝ դրանք փաղաքշորեն որակելով որպես «տարբեր գնահատականներ», այն դեպքում, երբ որեւէ քաղաքացու կամ լրագրողի, իրավապաշտպանի հասցեին որեւէ պաշտոնյայի կամ ոստիկանի կողմից նման «գնահատականներ» հնչեցնելիս դրանք որակվում են որպես վիրավորանք, որի համար նաեւ արդարացիորեն պատասխանատվություն են պահանջում: Այն, որ հայրենի պաշտոնյաները որեւէ մեկի հասցեին «հանցագործ, անասուն, ապուշ, տականք, խուլիգան» ասելիս պատասխանատվության չեն ենթարկվում՝ եւս անհերքելի փաստ է, բայց ո՛չ բավարար պայման այլոց կողմից նմանօրինակ որակումներն արդարացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել