Ուրբաթ օրը ԱՄն նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարաձիգ ու վիճահարույց՝ Իրաքում պատերազմի ավարտի մասին: Associated Press-ի փոխանցմամբ, Օբաման վստահեցրել է, որ ամերկյան բոլոր զորքերը այդ երկրից դուրս կբերվեն մինչեւ ընթացիկ տարեվերջ:
ԱՄՆ նախագահի հայտարարությունը վերջ դրեց նաեւ վեճերին, թե Միացյալ Նահանգները Իրաքում իրենց ներկայությունը կապահովեն նաեւ 2011 թվականից հետո: Օբաման երբեք չհիշատակեց Իրաքի հետ լարված ու վերջնագրային լեզվով ու արդյունքում անպտուղ այն բանակցությունների մասին, որոնք ընթացել են մի քանի հազար ամերիկացի զինվորի՝ որպես ուսուցանող եւ Իրանի կամ արտաքին այլ ուժերի կողմից հնարավոր միջամտությունից ապահովագրող ուժի, Իրաքում պահելու շուրջ:
Փոխարենը Օբաման խոսել է ինքնուրույն Իրաքի եւ սեփական տանը տնտեսությունը կարգի բերելու վրա կենտրոնանալու մասին խոստումները կատարելու մասին: <Ես կարող եմ ասել՝ ինչպես խոստացել էի, Իրաքում գտնվող մեր զորքերի մնացած հատվածը տուն կգա մինչեւ տարեվերջ: Իրաքում Ամերիկայի գրեթե 9-ամյա պատերազմը ավարտված կլինի>,- հայտարարել է Օբաման:
Այդ հայտարարությունը նա արել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկի հետ ունեցած տեսաառանձնազրույցից հետո, եւ հավաստիացրել, որ երկու երկրների առաջնորդներն այդ որոշման շուրջ արդեն պայմանավորվել են:
Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայությունը կազմում է մոտ 40 հազար զինվոր: Ամերիկյան բոլոր զորքերը երկրից դուրս կբերվեն Ջորջ Բուշի նախագահության օրոք՝ դեռեւս 2008 թվականին, կողմերի միջեւ ձեռքբերված համաձայնությանը համապատասխան:
Հիշեցնենք, որ 2003-ի մարտից ի վեր, երբ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակից ուժերը ներխուժեցին Իրաք, այդ պատերազմում սպանվել է ամերիկացի 4400 զինծառայող: