NEW
Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ճանաչված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի եւ դիզայներ Հասմիկ Մովսեսյանի ցուցահանդեսը՝ «Միավորված գույներ» խորագրով, որտեղ ցուցադրվում էին շուրջ 20 տարվա պատմություն ունեցող բացիկներ: Հնի եւ նորի համադրությամբ ներկայացված էին հայկական բնապատկերները, անցյալն ու ներկան՝ համեմված նուրբ ու բարի հումորով: «Այս բացիկները նախատեսված են ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլեւ՝ հենց մեր: Սրանց միջոցով ուզում եմ հիշողություն արթնացնել: Օրինակ՝ մի քանի տարի առաջ պատշգամբներին կարելի էր տեսնել շշեր, որոնց մեջ մարդիկ ջուր էին տաքացնում եւ հետո օգտագործում: Հիմա այդպիսի բան չկա, բայց այս բացիկը կարող է լավ հիշողություն արթնացնել»,- ասում է Զավեն Խաչիկյանը:
Շուրջ 150 բացիկներից այցելուներին առավել հետաքրքրում էին բնապատկերները: Ազգագրագետ Հարություն Մարությանը նշեց, որ լուսանկարները յուրօրինակ են իրենց արտահայտած իմաստներով. «Զավենի լուսանկարները պատկերում են այսօվա իրականությունը, բայց ազգագրական տեսանկյունից: Օրինակ՝ մի բացիկ կար, որտեղ ներկայացված էր գինեվաճառը, մինչդեռ իրականում Արենի գյուղի կենցաղն էր: Ազգագրությունը Զավենի նկարներում առկա է ամեն տեղ, ինչը ավելի հայկական է դարձնում պատկերը»:
Բացիկներից բացի, կային նաեւ շուրջ 50 մեծադիր լուսանկարներ, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում անգույն մանուկներ պատկերողները: Եր—անում Բրազիլիայի դեսպանատան մշակույթի կցորդ Ֆլորիանո Ռեժիսը պատմեց, որ մի անգամ առիթ է ունեցել շրջագայել հայ լուսանկարչի հետ ու տեսնել, թե նա ինչպես է լուսանկարում, վերաբերվում մարդկանց ու իր նկարներին: