Այս մասին վկայում են հետազոտության արդյունքները
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ն եւ «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվական կենտրոնը 2009 թվականից սկսած մի ծրագիր են իրականացնում, որը վերաբերում է ԼԳԲՏ (Լեսբուհի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ) համայնքի ներկայացուցիչներին: Ծրագիրն իրենից ներկայացնում է հետազոտություն, որի արդյունքները «Առավոտին» փոխանցեց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը. «Հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում» հետազոտությունը քանակական սոցիոլոգիական հետազոտություն է, որի կենտրոնում հետեւյալ հիմնահարցերի վերաբերյալ քանակական տվյալների հավաքագրումն է եւ վերլուծությունը. խոցելի խմբերը Հայաստանում, տեղեկացվածություն ԼԳԲՏ անձանց մասին եւ վերաբերմունք/դիրքորոշում ԼԳԲՏ-ների հանդեպ: Ծրագրի հեղինակները ընդհանուր առմամբ իրականացրել են 1156 հարցազրույց: Հետազոտությունը հիմնված է եղել քվոտային ընտրանքի վրա: Իրավիճակը նկարագրելու նպատակով օգտագործվել է տեղեկատվության հավաքագրման կիսաձեւայնացված հարցազրույցների մեթոդը, որի դեպքում հարցվողները հարցերի առաջադրված պատասխանների տարբերակներից ընտրել են իրենց համար ընդունելիները, ինչպես նաեւ եղել են բաց հարցեր, որոնց պատասխանները առաջադրել են հարցվողները:
Իսկ հարցաթերթիկում հարցերը կազմվել են ոչ թե համաձայն ժամանակակից գիտական դիսկուրսի, այլ համապատասխան այն դիսկուրսի, որ կիսում եւ հասկանում է այսօր հայ հասարակությունը՝ այն հնարավորինս ընկալելի դարձնելու եւ հաղորդակցական կոնֆլիկտից խուսափելու համար: Մ. Հովսեփյանի փոխանցմամբ՝ հարցվողներն առանձնացրել են սոցիալական խմբեր, որոնք իրենց կարծիքով խոցելի են այսօր, նրանք գնահատել են, թե որքանով են իրենք տեղյակ ԼԳԲՏ անձանց մասին, անդրադարձել են տեղեկատվության հիմնական աղբյուրներին, կազմակերպություններին, որոնք զբաղվում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ կամ, ըստ իրենց, պայքարում նրանց դեմ: Հարցվողների միայն 6,3 %-ի կողմից են ԼԳԲՏ անձինք որակվել իբրեւ խոցելի խումբ: 31,3%-ը որպես խոցելի խումբ առանձնացրել է հաշմանդամություն ունեցող անձանց, 24,8%-ն էլ՝ ծերերին ու թոշակառուներին: Այն հարցին, թե Հայաստանում կա՞ն արդյոք ԼԳԲՏ-ներ՝ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի բնակիչներց ամենից շատը երեւանցիներն են պատասխանել «այո»: Ըստ հետազոտության արդյունքների՝ մեծամասնությունը գտել է, որ Հայաստանում ԼԳԲՏ-ների կազմում տղամարդիկ գերակշռում են կանանց: Ի տարբերություն Երեւանի եւ Վանաձորի բնակչության, հարցված գյումրեցիների մեծամասնությունը հակառակ կարծիքի է եղել:
Ըստ Մ. Հովսեփյանի՝ «Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաեւ այն, որ ԼԳԲՏ-ների նկատմամբ առկա հանրային ընկալումն ու վերաբերմունքը անհանդուրժողական է, վերջիններիս մասին ունեցած գիտելիքը կարծրատիպային է եւ դուրս գիտական բացատրությունների շրջանակից: Հարցվողները «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունենալը դիտարկել են որպես հիվանդություն, արեւմտյան երկրների բացասական ազդեցություն, դաստիարակության հետեւանք, ժամանակակից պայմաններում համացանցով շփման արդյունք: Մարդկանց մի մասն էլ նշել է՝ դա Աստծո պատիժ է, մոդա է, սոցիալապես անապահով վիճակի արդյունք եւ այլն»:
Հատկանշական է, որ տղամարդիկ ավելի շատ են բնութագրում կին նույնասեռականներին վիրավորանք-հայհոյանքով, իսկ կանայք նրանց բնութագրում են անձնային բացասական պիտակներով:
Իրականացված ծրագիրը բացահայտել է, որ հարցվողների 72,1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ-ների հանդեպ, այդ պատճառով էլ չի շփվում նրանց հետ, անգամ եթե նրանք իրենց ընկերներն են, բարեկամները: Հարցվողներն առավել հակված են այն դիրքորոշմանը, որ ԼԳԲՏ-ները տարօրինակ մարդիկ են, երեւույթը շեղում է, եւ պետք է դատապարտվի հասարակության կողմից: Պարզվել է, որ ԼԳԲՏ-ների հանդեպ անհանդուրժող վերաբերմունքն ու դիրքորոշումը հարցվողներին ետ է պահում նրանց հետ ունեցած շփումից: Նրանց 55,3%-ը ուղղակի կդադարեցնի շփումը, եթե իմանա, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, 23,8%-ը կփորձի ազդել նրա վրա սեռական կողմնորոշումը փոխելու նպատակով, 13,2%-ի համար այդ շփումը բացասական կլինի, 6.7%-ի համար ԼԳԲՏ լինելու հանգամանքը էական նշանակություն չունի նախկինում ունեցած հարաբերությունների հարցում: