Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկապատանեկանը մեկնարկում է

Հոկտեմբեր 20,2011 00:00

Հոկտեմբերի 22-26-ը մայրաքաղաքում եւ նաեւ 40 օր՝ մինչեւ նոյեմբերի 25-ը մարզերում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոլան Բիկով հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ու փառատոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն Նելլի Ալելովան ներկայացրին փառատոնի այս տարվա ծրագրերը: Այս տարի ընդգրկված է 98 ֆիլմ՝ 35 երկրից: «Ֆիլմերը պետք է լինեն որակյալ, ունենան բովանդակություն, ասելիք եւ նկարահանված լինեն վերջին երկու-երեք տարիների ընթացքում»,- ֆիլմերի ընտրության մասին ասաց Ն. Մանուկյանը: Փառատոնի շրջանակում կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր հանդիպումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր, պրեմիերաներ եւ այլ միջոցառումներ:
«Ես իրավունքներ ունեմ» ծրագրի շրջանակում UNICEF-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ առաջին անգամ կիրականացվեն «Երեխան պետք է ապրի ընտանիքում» եւ «Ամեն ինչ երեխաների համար» ծրագրերը: Վերջինի շրջանակում ստեղծվել է ֆիլմերի նոր անվանակարգ, որտեղ ընդգրկվել են երեխաների կողմից հենց իրենց համար նախատեսված ֆիլմեր, որոնք նկարահանվել են տարբեր երկրներում:
Այս տարի փառատոնը հետաքրքիր հարթակ կհանդիսանա նաեւ հարեւան երկրների՝ թուրք, վրացի, հայ երեխաների համար: Նրանք, մասնակցելով workshop-ի, կնկարահանեն անիմացիոն ֆիլմ: Փառատոնի այս տարվա փոփոխություններից Ն. Մանուկյանն առանձնացրեց «Երկրի օր» ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 25-ը կնվիրվի Ճապոնիային, կանցկացվեն մի շարք միջոցառումներ, հանդիպումներ: Հարցին, թե ինչո՞ւ է այս տարի ընտրվել Ճապոնիան, հիմնադրամի նախագահն այսպես պատասխանեց. «Որովհետեւ արեւն այնտեղից է ծագում: Մյուս կողմից համագործակցությունը նման երկրների հետ կարեւոր է մշակութային կապեր ստեղծելու եւ ամրապնդելու համար, որովհետեւ դա ուրիշ մշակույթ է՝ մեր երեխաների եւ պատանիների համար հետաքրքիր ինֆորմացիայի աղբյուր»:
Այս տարի էլ փառատոնը կունենա նախորդ տարվանից մեկնարկած «Դու մենակ չես… Միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակում արտերկրից ժամանած մասնագետները կկատարեն անվճար բուժզննում անապահով ընտանիքների երեխաների համար, ինչպես նաեւ կլինեն ցուցադրական վիրահատություններ մանկատան երեխաների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել