Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌՔ՝ ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ

Հոկտեմբեր 20,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել թիվ N զորամասի դասակի հրամանատարի ներկայացրած հաղորդումը, ըստ որի՝ թիվ N զորամասի զինծառայողին սպանելու եւ ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու եւ հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալների հարազատներից ստացել է 7. 500 ԱՄՆ դոլար, որից 7.000 դոլարը փոխանցել է կայազորի զինվորական դատախազության դատախազին: Ըստ հաղորդման՝ վերջինս, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 14.10.11թ. հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաեւ հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում՝ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, ինչպես նաեւ՝ հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ շահագրգիռ անձանց կողմից հնարավոր ներգործության դրսեւորումները բացառելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել