Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովուրդն այլասերումի տակ է»

Հոկտեմբեր 20,2011 00:00

Հայաստանը շահավետ մթնոլորտ է ստեղծել  աղանդավորների համար, վստահ է հայր Մեսրոպը, ով հույս  ունի, որ կաթողիկոսը ծրագիր կմշակի:

Հայր Մեսրոպ Թոփալյանն ուսանել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Ասում է՝ հիմա էլ իր առաքելությունը շարունակում է Լիբանանում: «Առավոտը» նրա հետ խոսեց Հայաստանում Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված գիտաժողովի օրերին:
Հայր Մեսրոպը հիշեցրեց՝ նախկինում Մխիթարյաններն ակտիվ դեր էին խաղում ոչ միայն սփյուռքահայերի հոգեւոր, այլեւ՝ գրական, մշակութային կյանքում. «Այժմ այդ որակով չէ, դժբախտաբար, սակայն մենք կշարունակենք մեր նախնիներու, մեր նշանավոր վարդապետներու գործունեությունը, միաբանության անդամները հիմա էլ են տպագրում գրքեր»,- ասում է նա՝ մատնանշելով վարդապետ հայր սուրբ Գոճանյանի տպագրած դասական գրաբարի նոր գիրքը: Ըստ նրա՝ Մխիթարյան միաբանությունն այժմ էլ փորձում է շատ քաղաքական, հասարակական հարցերի մասին իր դիրքորոշումը հայտնել. «Հիմա մենք քաղաքագետ չենք, բայց քաղաքագետ հասցնող ենք: Բարձր ձայնով խոսում ենք խնդիրների մասին, մենք վախ չունինք այսինչ քաղաքական սխալի մասին խոսելու: Մենք հարցերը դիտում ենք հայրենանպաստ տեսանկյունից, մամուլում եւ այլուր մեր քաղաքագիտական դիրքորոշումներն ենք անում»:
Հայաստանյան իրադարձություններին եւ հոգեւոր կյանքին հայր սուրբը տեղյակ է, նրան մտահոգում է աղանդների մեծ քանակը. «Հուսանք՝ մեր կաթողիկոսը մի ծրագիր կմշակի եւ կհայտնաբերվի այս խնդրի լուծման ճանապարհը: Խնդիրը շատ լուրջ է, մեր ժողովուրդն այլասերումի տակ է ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ազգայնորեն: Աղանդավորների համար հայրենասիրական գաղափար, ազգասիրական կոչում չկա: Ասոնք եկած են միայն հայ ժողովրդի միտքը, հոգին խեղաթյուրելու»: Մխիթարյան միաբանության անդամն այդ խնդրի շուտափույթ լուծում է ակնկալում եւ ավելացնում. «Նախ ես կուզեի, որ մեր պետությունը նվազ ազատություններ տար այս աղանդավորներին, բայց, դժբախտաբար, ինչպես կկարդամ եւ կլսեմ, մեր պետությունը շահավետ մթնոլորտ է ստեղծել նրանց համար»:
Վիեննայի Մխիթարյանների արդի կյանքի մասին խոսեցինք նաեւ միաբանության աբբահայր, ծայրագույն վարդապետ հայր Պողոս Գոճանյանի հետ: Ըստ նրա՝ միաբանությունը շարունակում է իր նախկին գործունեությունը, միակ խնդիրը անձնակազմի թվի փոքրացումն է: «Միայն հայ ենք ընդունում, օտար չենք ընդունում: Վիեննայում էլ շատ քիչ թվով հայեր կան, նախկինում գալիս էին Լիբանանից, Բեյրութից, հիմա այնտեղից էլ է հոսքը քչացել»,- ասում է հայր Պողոսը, ում հավաստմամբ՝ միաբանության գրադարանը միշտ էլ համալրվում է Հայաստանից ուղարկված գրքերով: Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված գիտաժողովին զեկույցով պետք է հանդես գար Կրակովի համալսարանի ասպիրանտ Փիրուզա Մնացականյանը: Նա Վիեննայի միաբանությունում է «հայտնվել» լեհահայ համայնքի կյանքը այնտեղի ձեռագրերի միջոցով ուսումնասիրելու նպատակով: «Միաբանության մասին գիտեի այնքան, որքան պատմության ֆակուլտետն ավարտած ցանկացած ուսանող: Այն ինձ համար պատկերվում էր որպես փակ, մռայլ դեմքերով մարդկանց մի վայր: Բայց իրականում այդպես չէր»,- ասում է Փիրուզան՝ նշելով, որ միաբանությունում իրեն զգում էր հայ՝ Հայաստանում, իսկ միաբանությունից դուրս արդեն օտար՝ Վիեննայում: Նա կարեւորում է միաբանությունում պահվող ձեռագրերի պատմական արժեքը, իր գործին էլ՝ Լեհաստանի հայ համայնքի ուսումնասիությանը, այնտեղի գրադարանը մեծապես օգնել է: Մխիթարյան միաբանության հարուստ գրական ֆոնդի վնասվելու, ոչնչանալու մասին էլ չի մտահոգվում. նկատել է՝ միաբանության գրադարանի եւ թանգարանի աշխատակիցները սերտ համագործակցում են Վիեննայի Ազգային գրադարանի մասնագետների հետ, նաեւ կատարում են ձեռագրերի նմանօրինակում, որպեսզի ուսումնասիրությունները չվտանգեն պատմական աղբյուրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել