Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Հոկտեմբեր 20,2011 00:00

Սեւանի դպրոցում ալյուր չեն վաճառել

Հենվելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տրամադրած ՊԱՇՏՈՆԱԿԱՆ (ընդգծումը մերն է-խմբ.) տեղեկության վրա, հոկտեմբերի 12-ին «Երեխաների ալյուրը վաճառել է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանը մեղադրվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրով 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրված պարենամթերքից ալյուրի որոշակի քանակություն վաճառելու մեջ:
Նյութին արձագանքել են դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Անահիտ Վարդանյանը եւ դասվար Մագդա Վարդանյանը: Ըստ նրանց՝ մարզպետարանի տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Ներկայացնում ենք նրանց պատասխանի՝ մեզ վերաբերող մասը առանց միջամտության: «Դպրոցը ՄԱԿ-ի պարենի ծրագրով ստանում է տարբեր սննդամթերք, այդ թվում ալյուր: Դպրոցի դասվար Մագդա Վարդանյանը հայտնում է, որ դպրոցական սնունդը տնօրենի եւ ծնողական խորհրդի կողմից կազմակերպվում է բարձր մակարդակով, երեխաները մեծ հաճույքով են հաճախում ճաշարան, եւ ծրագրով նախատեսված 304 ցածր դասարանցիներից բացի, ճաշարանում սնվում են նաեւ անապահով շուրջ 30 բարձր դասարանի աշակերտները: Դպրոցը 6 ծնողների միջոցով կազմակերպում է ամենօրյա հացաթխման եւ սննդի պատրաստման աշխատանքները, որը վերահսկվում է ինչպես տնօրենի, այնպես էլ ծնողական խորհրդի կողմից: Համաձայն ծրագրի, նշված ճաշարանի 6 աշխատակիցները իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում են ոչ թե դրամով, այլ սննդամթերքով, եւ ամեն ամիս ծրագրից ստանում են յուրաքանչյուրը մեկ պարկ ալյուր, ինչպես նաեւ այլ սննդամթերք: Հաշվի առնելով աշխատակիցների խնդրանքը, եւ նրանց սոցիալապես անապահով վիճակը՝ իրենց  հասանելիք ալյուրը ժամանակից շուտ էր տրվել, որի վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթերը: Ծնողական խորհրդի նախագահ Անահիտ Վարդանյանը անմիջական մասնակցություն ունի այդ աշխատանքներին եւ վստահեցնում է, որ սննդի բացթողումը կատարվում է լիազոր անձի կողմից, ալյուրի ստացումն ու բացթողումը հաշվառվում է խստագույնս՝ փաստաթղթերով եւ փաստացի ոչ մի տարբերություն չի գրանցվել: Սննդի որակից գոհ են երեխաները, ծնողները եւ դասվարները», հայտնում են Անահիտ ու Մագդա Վարդանյանները:
Վարդանյանները թվարկել են նաեւ դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանի կոչումները, որոնք ալյուրի հետ ոչ մի կապ չունեն: Իսկ թե ինչու դպրոցից որեւէ մեկը չի դիմել մարզպետարան կամ իրավապահներին, որ, ըստ իրենց, իրականությանը չհամապատասխանող լուրերը հերքվեն, մեզ չեն տեղեկացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել