Հայաստանում գործադիր իշխանությանը վստահում է մարդկանց միայն 36%-ը, մարզպետարաններին՝ 35%-ը, խորհրդարանին՝ 32%-ը, դատական համակարգին՝ 26%-ը: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի սոցիալական ներառման վերաբերյալ տարածաշրջանային զեկույցը: Այսօր զեկույցը ներկայացնելիս ՄԱԶԾ ներկայացուցիչները կոչ էին անում մեր կառավարությանը հետեւություններ անել, որովհետեւ Հայաստանում սոցիալական պատճառներով մարդիկ հասարակությունից մեկուսացված են. «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց համար բնակարանը ջեռուցելը, անգամ ատամնաբույժի մոտ գնալը շատ բարդ խնդիր է, կա գենդերային ճնշում, եւ տղամադկանց համար շատ դժվար է ապրուստը հոգալը, մարդիկ չեն կարողանում մշակութային միջոցառումների գնալ, երբ հարցնում ենք՝ ինչո՞ւ, 65%-ը պատասխանել է՝ փող չունենք, որ գնանք»: Հարցվածների մեծամասնությունը վերջին 1 տարվա ընթացքում որեւիցե առիթով երբեւէ չի շփվել համապետական կամ տեղական իշխանությունների հետ. 99%-ը չի շփվել կառավարության անդամների եւ պատգամավորների հետ, 97%-ը՝ մարզպետարանների եւ ավագանու հետ, 85%-ը՝ քաղաքապետերի ու գյուղապետերի հետ: ՄԱԶԾ-ի զեկույցում նաեւ նշված է, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին մարդիկ ավելի քիչ են վստահում (29%), քան այլ քաղաքների քաղաքապետերին կամ գյուղապետերին: Ընդ որում, համեմատաբար բնակչությունն ավելի շատ վստահում է հենց գյուղապետին, քան մարզպետին: