Այսուհետեւ Երեւանի բնակիչները կարող են իրենց անշարժ կամ շարժական գույքի վարձը վճարել էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով: Երեկ այս մասին հայտարարեց «Իդրամ» ընկերության տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը: Այս ամենի նախաձեռնողը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն է, իսկ իրականացնողները՝ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն» ու «Իդրամը»:
Նշենք, որ ներդրված նոր համակարգը եռալեզու է, ինչը, ըստ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Արա Յաղջյանի, հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից: Գ. Պողոսյանն էլ ավելացրեց, որ համակարգն իր օգտագործման մատչելիությամբ հասանելի է տարբեր տարիքային խմբի հարկատուներին. «Պարզապես քաղաքացին պետք է www.idram.am-ում կամ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի www.yerevan.am-ի աջ հատվածում բացի վիրտուալ հաշիվ, ու որոշ ժամանակ հետո կստանա անհատական կոդը եւ կիրականացնի վճարումները, ինչպես նաեւ կտեղեկանա պարտքերի ու տուգանքների մասին: Հնարավոր է նաեւ, որ վճարումները արվեն մաս-մաս»: