Պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանի աշխատասենյակը չի մեծացել, աշխատավայրում էլ սաունա չունի: Երեկ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում աշխատանքային 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Արման Սահակյանը: Նրա խոսքերով. «Հետաքրքիր հումոր էր, ձեզ հրավիրում եմ իմ աշխատասենյակ եւ կտեսնեք, որ մեր մոտ ընդհանրապես ոչ սաունա կա, ոչ էլ իմ առանձնասենյակը մեծացել է: Ընդամենը սենյակը բերել ենք աշխատանքային տեսքի»:
Ինչ վերաբերում է ԱԳՆ շենքի վաճառքի ու դրա փոխարեն հյուրանոց կառուցելու մասին լուրերին, ապա պարոն Սահակյանը վստահեցրեց, որ իր գործունեության ընթացքում նման հարց չի քննարկվել, բայց եւ չբացառեց պետական այլ գույքերի հնարավոր վաճառքի թույլտվությունը: Պարոն Սահակյանի խոսքերով, շատ շուտով Երեւանը կազատվի անավարտ շինություններից: Կիսաքանդ «Դվին» հյուրանոցի հարցն էլ է օրակարգում: Եթե նախկինում «Դվինի» սեփականատերը պարտավորություն ուներ միայն ներդրումային մասով՝ $10 միլիոն, իսկ պարտավորությունները չկատարելու դեպքում ազատված էր տույժ ու տուգանքներից, ապա այժմ կառավարությունը պայմանագրային այդ նույն կետերի նկատմամբ խստապահանջ է. այդ պայմանագիրը վերանայվել է, տույժ ու տուգանքներն էլ հստակեցվել ու պարտավորությունները կատարելու համար մինչեւ 2014 թվականը ժամանակ տվել. «Այս տարի պետք է ներդնեն 1 միլիոն դոլար, եթե չներդնեն, ապա 12 տոկոս տույժ ու տուգանք կվճարեն պետությանը»: