Այս սկզբունքով են Բագրեւանդում հողեր օտարել
Բագրեւանդ թաղամասը, որի մի մասն ընկնում է Երեւան համայնքում, իսկ մյուս հատվածը՝ Կոտայքի մարզում, տարիներ առաջ այնքան է գայթակղել ունեւորներին, որ քաղաքային իշխանություններն իրենց «տիրապետության» տակ եղած հատվածից մի շարք հողատարածքների հետ օտարել են նաեւ այդտեղով անցնող սելավատարը՝ հաշվի չառնելով այդ կառույցի կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Դեռեւս նախկին քաղաքապետերի օրոք է սելավատարի հատվածը վաճառվել՝ կառուցապատման նպատակով:
Ռ. Պապյանը, գնելով գործող հեղեղատարի տարածքը, պարսպապատել է այն, ինչի արդյունքում հեղեղատարը սկսել է փոխել իր հունը: Այժմ ձնհալից եւ անձրեւներից գոյացող ողջ ջրերը լցվում են հարակից տների հիմքերը:
Չնայած արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածքն ուսումնասիրել եւ պարզաբանել է, որ հեղեղաջրերի հեռացումը ապահովող միակ ճանապարհի փակումը կհանգեցնի տարածքի հեղեղմանը եւ ջրածածկմանը՝ իր բոլոր վնասակար հետեւանքներով, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Ռ. Պապյանին թույլատրել է հետագայում գնած 416 քմ հեղեղատարի մնացած հատվածում էլ շինարարություն կատարել: Ընդ որում, Պապյանը ներկայումս էլ պատրաստվում է պարիսպն ընդլայնել եւ վերջնականապես փակել գործող սելավատարի միակ ճանապարհը: Ուշագրավն այն է, որ Ս. Դանիելյանը, շինթույլտվություն տալուց առաջ, համապատասխան մարմիններին գրավոր վստահեցրել է՝ «Մինչեւ նշված տարածքով անցնող հեղեղատարի ինժեներատեխնիկական լուծումները չտրվեն համաձայն գործող նորմերի, շինաշխատանքներ չեն թույլատրվի»: Այսինքն՝ նախկին գլխավոր ճարտարապետը նախ կասեցրել է Ռ. Պապյանի շինաշխատանքները, բայց խնդիրը չլուծած՝ 6 ամիս հետո, նորից շինթույլտվություն տվել: «Եթե այդ պարիսպը կառուցվի, ապա հեղեղաջրերը լցվելու են իմ շինության տակ, քանի որ այլ ճանապարհ չկա հեղեղաջրերի համար: Սա նշանակում է, որ իմ կառույցի հիմքը ժամանակի ընթացքում խարխլվելու է ու մի օր էլ կփլվի իմ շինությունը: Իսկ եթե իմ շենքը վնասվի, ո՞վ է փոխհատուցելու: Չեմ կարծում, թե որեւէ պետական մարմին խոստովանի, որ դա իր սխալի հետեւանքն է եւ պատրաստ լինի փոխհատուցում տրամադրել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վռամ Խոջոգորյանը: Ուշագրավ է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը քաղաքապետարանի կոմունալ-տնտեսության վարչությանը գրավոր զգուշացրել է, որ՝ «Վերոնշյալ հատվածի պարսպապատման արդյունքում կփակվի ձնհալների, հորդառատ անձրեւների, սելավների հետեւանքով առաջացած ջրային զանգվածների ճանապարհը եւ կհոսի Բագրեւանդ 1 հասցեում տեղակայված շենք-շինությունների կողմը, ինչը կարող է հանգեցնել շինությունների հիմքերի լվացմանն ու կոնստրուկցիաների քայքայմանը: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ հունը չփակելու ուղղությամբ»: Իսկ համապատասխան միջոցներից մեկը հեղեղատար խողովակներ տեղադրելն է, ինչը հսկայական ֆինանսներ է պահանջում, կամ էլ՝ պարզապես մեկընդմիշտ արգելել կառուցապատողին այդ հատվածը պարսպապատել: Փաստորեն, նախկին գլխավոր ճարտարապետն աշխատել է՝ «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Հանգիստ խղճով հեղեղատարի վրա շինթույլտվություն է տվել, իսկ իրենից հետո ինչ լինելու է՝ թող բնակիչներն ու ներկայիս քաղաքային իշխանությունները գլուխ կոտրեն:
«Առավոտը» այցելեց նշյալ տարածք եւ զրուցեց տեղի բնակիչների հետ: Նրանցից մեկը վստահեցրեց, որ հեղեղատարի հունը փոխելու պատճառով մի քանի տարի առաջ, ուժեղ անձրեւների եւ ձնհալի հետեւանքով, իր տունն ամբողջությամբ ջրով էր պատվել. «Ոնց որ կղզյակ լիներ տունս: Չէինք կարողանում տնից դուրս գալ»:
Սելավատարի հունը փոխելու արդյունքում բնակիչներից մեկի տան պարիսպն էլ ամբողջովին «լվացվել էր եւ քանդվել», իսկ տան սեփականատերը ստիպված է եղել նորից պարիսպ կառուցել: Սելավատարի մի հատվածում էլ այնքան շինաղբ էր լցված, որ ջրերի հոսքը այստեղ էլ էր փակվել եւ հարակից տան շրջակայքը կրկին ջրի մեջ կորել էր: Բնակիչների պատմելով՝ «Մինչեւ 2005 թվականը գենպլանով այստեղ մի ճանապարհ է եղել, որը ջրահեռացման համար է նաեւ ծառայել: Իսկ այսօր սա էլիտար թաղամաս է համարվում, հողակտորն էլ բավականին թանկ արժե: Իշխանությունները մտածել են՝ թե ինչո՞ւ ճանապարհի հաշվին գումար կորցնեն, վերցրել՝ վաճառել են սելավատարի հունի հետ միասին: Դրա արդյունքում մենք ենք տուժում»:
Որպեսզի վերջնական արգելեն սելավատարի ներկայիս հունին «ձեռք տալը», բնակիչներից մեկը դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ մի շարք ատյաններ: Այս առնչությամբ քաղաքապետարանից խոստացան առաջիկայում պարզաբանում տրամադրել «Առավոտին»: