Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը անհանգստացած է:
Արցախի Ծմակահող գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցին եւ Գանձասար եկեղեցու պարիսպը պատմական առումով վտանգի տակ են: Երկուսի դեպքում էլ վերականգնողական աշխատանքներ էին ընթանում, որոնք վտանգում էին պատմական աղբյուրների պահպանությունը: ՀԽ ազգային հարցերի՝ ազգային արժեքների պահպանության հարցերով ենթահանձնաժողովն այդ խնդիրն էր ուզում
քննարկել, ենթահանձնաժողովն էլ զարմացավ. կարեւոր հարցը քչերին է հետաքրքրում՝ լրագրող համարյա չկար: Ենթահանձնաժողովի նախագահ Ժաննա Ասրյանի պատմածով՝ մոտ մեկ տարի է, ինչ դիմում են ստացել՝ նախ Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին. տեղի երիտասարդները ցանկացել են վերանորոգել այն, որից հետո էլ հանձնաժողովը տեղեկացել է Գանձասարում կատարվող վերանորոգման աշխատանքների մասին, գնացել են, տեղում ուսումնասիրել իրավիճակը: Եկել են այն համոզման, որ աշխատանքները պետք է կանգնեցվեն, վերջնական որոշման մասին էլ կհայտնեն միայն Հանրային խորհրդում քննարկելուց հետո: «Ցանկացած պատմական հուշարձան պետք է զերծ մնա նորաբանությունից. փոխել մի պարսպի կերպար, որը բնորոշ է 17-րդ դարին, սխալ է»,- ասաց Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը՝ նշելով, որ կատարվող սալիկապատումը ոչ մասնագիտական քայլ է: Ենթահանձնաժողովի անդամներից՝ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը առաջինը բերում է զարգացած երկրների օրինակը: «Այս հարցում պահանջվում է նեղ մասնագիտական մոտեցում. օրենք, կառավարություն, մասնագետներ կան, որոնց հետ նման որոշում կայացնելիս պետք է խորհրդակցել»,- ասում է նա՝ նկատելով, որ Գանձասարի բարերարն այս ամենը հաշվի չէր առել: «Ոչ ոք իրավունք չունի գալ մի երկիր, անգամ, եթե այն իրենն է, եւ ինքնագլուխ հուշարձան վերանորոգել,- ասում է Գագիկ Սողոմոնյանը,- նշանակում է՝ մտնում ես երկիր, դուռը ոտքով ես բացում, թքած ունես երկրի, կառավարության անդամների, նախագահի վրա, որը պահպանում է օրենքը, եւ նույնիսկ կապ չունենալով էս մարդկանց հետ՝ կարծում ես, որ էս հարցը ըտենց ա, ու քո ձեւով պետք է լուծես»:
Գանձասարի վանքի, պարիսպների եւ կից շինությունների վերականգնման նախագիծը, ըստ Գագիկ Սողոմոնյանի, իր եւ Ստեփան Նալբանդյանի ջանքերով մշակվել է 1989թ.: Ճարտարապետները կարծում են, որ այժմյան վերանորոգողները պետք է նախապես ծանոթանային այդ նախագծին եւ այդ հունով շարունակեին, բայց նույնիսկ նրանց ցույց տալուց հետո էլ «ականջ չեն դրել»: «Մեր նախագծով մոտ հինգ անգամ էժան կլիներ պարսպի վերականգնումը, մենք գումար չենք ուզում մեր նախագծի համար՝ ի տարբերություն այլ ճարտարապետների, համարում ենք, որ Սովետական Միությունը մեզ լավ վարձատրել է այդ աշխատանքի համար»: