Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխը պատին է տալիս»

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"Ասում է ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը՝ ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին  «ներկայացված» «ուլտիմատումի» մասին խոսողների հասցեին:

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հարցը այսօր դարձել է ներքաղաքական զարգացումների թիվ մեկ հարց: Ըստ էության, ՀՀԿ գործադիր մարմնի նախորդ ուրբաթ կայացած նիստից հետո առկա սուր հարցերին պատասխաններ չտրվեցին, եւ անհայտները այդպես էլ չբացվեցին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Հանրապետական կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ին ուլտիմատում չի ներկայացրել: Վարդան Բոստանջյանի ասելով՝ իրենց նման պարտադրանք չի ներկայացվել, եւ ո՛չ էլ իրենք կոալիցիայից դուրս գալու հարց են քննարկել. «Ես ձեզ եմ հարցնում՝ ո՞վ է ասում, ո՞վ, չգիտե՞ք, դե, ես էլ ասում եմ՝ ով որ դա ասում է, ինձ թվում է՝ գլուխը զանազան ձեւերով պատին է տալիս: Ես չեմ իմանում էդ մասին, եւ «Բարգավաճ Հայաստան»-ի որեւէ ներկայացուցիչ չի իմանում այդ մասին: Ավելին` այդ մասին չի իմանում Հանրապետականի որեւէ պատգամավոր: Ու զարմանալի է, որ ինչ-որ մեկը գիտի այդ մասին»:
Պատասխանելով մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ արդեն շաբաթվա վերջում ԲՀԿ-ն հանկարծ հայտարարի, որ դուրս է գալիս կոալիցիայից եւ դա անի առանց որեւէ մեկի ուլտիմատումի, Վարդան Բոստանջյանն ասաց. «Կոալիցիոն ողջ ինստիտուտը, ըստ էության, հետապնդում է մի նպատակ՝ տվյալ երկրի համար, մասնավորապես՝ մեր երկրի համար ապահովել հնարավոր կայունություն բոլոր առումներով` սոցիալական, տնտեսական, քաղաքական, իրավական հիմքերի առումով: Բայց դրա վերաբերյալ եւ առումով դեռեւս գոյություն չունի որեւէ մի արտառոց իրավիճակ, որը հանգեցնի նման որոշման: Այս առնչությամբ ԲՀԿ-ում ընդհանրապես քննարկումներ չեն եղել»:
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածություն, ըստ պատգամավորի, չկա. «Դուք լարվածություն տեսնո՞ւմ եք. ուրեմն ես կարճատես եմ, որ չեմ կարողանում տեսնել»: Այդուհանդերձ, Վարդան Բոստանջյանը հնարավոր համարեց, որ ինքը ինչ-ինչ բաների մասին կարող է եւ չիմանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել