Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՉԷԻՆ

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"«Սարդարապատում», ըստ նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանի,  շարունակում են չվստահել ՀԱԿ-ի ղեկավարությանը:

«Ազատության հրապարակի ամբիոնում կանգնողներից շատերն ուղղակի իրենց օգտին են օգտագործում ժողովրդի արդարացի պոռթկումները»,- Հայ ազգային կոնգրեսի անցկացրած վերջին՝ մեկշաբաթյա նստացույցերի եւ հանրահավաքների առիթով հենց այդ օրերին ասել էր ՀԱԿ անդամ, Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ով այդպես էլ չմիացավ Կոնգրեսի ակցիաներին, սակայն 2,5 ժամով այցելել էր ցուցարարներին: Սեֆիլյանը Ազատության հրապարակ էր մտել Աշոտ Մանուչարյանի եւ «Սարդարապատ» նախաձեռնության անդամների հետ: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, ցուցարարների եւ ՀԱԿ-ի առաջին դեմքերի հրապարակային ոչ բարեհաճ վերաբերմունքից զատ, Կոնգրեսի առաջին դեմքերը նաեւ բավականին տհաճ կուլիսային խոսակցություն են ունեցել Սեֆիլյանի հետ, բավականին խիստ եւ կոշտ արտահայտություններով նախատել են նրան՝ ՀԱԿ-ի հասցեին արած հրապարակային որակումների եւ անհամաձայնությունների համար, ընդհուպ մինչեւ «դավաճան» են անվանել ու պատվիրել այլեւս երբեք իրենց կողմը չնայել: Քանի որ «Առավոտին» այդպես էլ չհաջողվեց կապվել Սեֆիլյանի հետ, փորձեցինք միջադեպի առիթով մանրամասներ ճշտել «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանից, ով, ըստ մեր աղբյուրի, այդ ամենի ականատեսն է եղել: Վերջինս, սակայն, հերքեց կուլիսային խոսակցությունների մասին մեր տեղեկությունը: Ասաց, որ իրենք Ազատության հրապարակում են եղել մոտ 2,5 ժամ, սկզբում «մի քիչ լարված էր, բայց հետո հաղթահարվեց, ամեն ինչ իր հունն ընկավ»: Հետաքրքիր է, որ Սեֆիլյանն Ազատության հրապարակ էր գնացել ՀԱԿ-ի երիտասարդների հրավերով, մինչդեռ ՀԱԿ-ի երիտասարդների հետ Սեֆիլյանը ոչ վաղ անցյալում կոնֆլիկտ ունեցավ: «Առավոտի» դիտարկման առիթով Տիգրան Խզմալյանը նկատեց, որ հավանաբար դրանք նույն երիտասարդները չեն եղել, եւ իր ուրախությունը հայտնեց առ այն, որ դեռ կան երիտասարդներ, ովքեր ինքնուրույն մտածելու ունակություն ունեն: «Բայց ես չեմ կարող համաձայնել, որ Սեֆիլյանը կոնֆլիկտ էր ունեցել ՀԱԿ-ի երիտասարդների հետ: Եղել էին փոխադարձ կոչեր: Սեֆիլյանի, ինչպես նաեւ «Սարդարապատի» կարեւոր սկզբունքներից մեկն էլ երիտասարդներն են, մեր կարեւոր նպատակներից մեկն էլ երիտասարդների ներգրավումն է մեր պայքարում: Երիտասարդների դեմ մենք ոչինչ չենք ասել եւ չենք էլ ասելու»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Ի դեպ, վերջերս Սեֆիլյանը կանխատեսել էր, որ մինչեւ հերթական ընտրություններ ՀԱԿ-ը կփլուզվի, հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է մեր զրուցակիցը՝ Հայ կամավորականների համախմբում նախաձեռնությունը, որի համակարգողն է Սեֆիլյանը, դեռ շարունակելո՞ւ է անդամակցել ՀԱԿ-ին: Տիգրան Խզմալյանն այսպես արձագանքեց. «Սարդարապատը» միապետական կառույց չէ, որ մենք բոլորս խոսենք մեկ ձայնով: Մենք ունենում ենք տարաձայնություններ եւ բաց ենք քննարկումներում: ՀԱԿ-ի հանդեպ վերաբերմունքը մեզանում տարբեր ժամանակներում տարբեր է եղել: Վերջին հրապարակային հայտարարություններում Սեֆիլյանը մեղադրել է ՀԱԿ-ի ղեկավարությանը՝ տարանջատելով շարքերում եղող ազնիվ մարդկանց: Ինչ վերաբերում է Հայ կամավորականների համախմբում նախաձեռնությանը, գիտեմ, որ այստեղ եւս տարբեր մոտեցումներ կան: Ժիրայրի մոտեցումը հայտնի է: Կազմակերպությունում կան մարդիկ, որոնց մի մասը ՀԱԿ-ի հետ է, կամ երբեք ՀԱԿ-ի հետ չէին: Խոսել՝ միանալու կամ հեռանալու մասին, չեմ կարծում, թե դա որեւէ նշանակություն ունի տվյալ քաղաքական պահին»:
Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ իմաստ է տեսնում Տիգրան Խզմալյանը ՀԱԿ-ի հանրահավաքային ակտիվ պայքարն այս պահին վերսկսելու մեջ, այն պարագայում, երբ, այսպես ասած, Կոնգրեսը մի քանի անգամ արդեն «գոլորշին բաց թողեց»: Խզմալյանը հարցին փորձեց պատասխանել այն տեսանկյունից, թե ինչու «Սարդարապատ» նախաձեռնությունն Ազատության հրապարակում չէր. «Մենք խիստ դեմ ենք, երբ փորձում են պայքարն անձնավորել եւ տանում են ժողովրդին, մեր խորին համոզմամբ, կեղծ պայքարով՝ մեկ-երկու կամ մի քանի մարդու փոխարինելու համար: Խնդիրը համակարգն է: Մենք շատ պարզ տեսնում ենք, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը, որը հիմնականում եղել է այս համակարգի կերտողը, երբեք չի փորձել հարցականի տակ դնել բուն համակարգը՝ տնտեսական, սոցիալական եւ գաղափարախոսական հիմքերը: Ռեժիմ, որը գործածության դրվեց պատերազմից անմիջապես հետո՝ ժողովրդի հաշվին ապահովելով մի քանի մարդու սեփականությունը, ոչնչացրեց արտադրությունը, գիտությունը, կրթությունը եւ բերեց այս բռնապետությանը: Պայքարը պետք է լինի հանուն սոցիալական արդարության, հայաստանակենտրոն քաղաքականության: Բայց ՀԱԿ-ում շարունակում են հնչել կոչեր՝ փոխենք սրան, փոխենք նրան… խումբն ընդամենը մարդիկ են, որոնց փոխելով սկզբունքը չի փոխվում: Ինչպե՞ս է ստացվել, որ երկրորդ ու երրորդ նախագահները, որոնք եղել էին եւ ընդհատակյա պայքարի, եւ պատերազմի մասնակիցներ, դարձան այնպիսին՝ ինչպիսին դարձել են. ինչպե՞ս են կրակում սեփական ժողովրդի վրա, դավեր են հյուսում ազգային շահերի դեմ: Չեմ կարծում, որ նրանց անձնական խառնվածքից է: Նրանք առաջնորդեցին մի համակարգ, որը աղավաղեց իրենց եւ դարձրեց այդ համակարգի սպասավորը, պաշտպանը: Մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը, որի մեծ մասը արդեն եղել է այդ համակարգի առաջնորդող պաշտոններում, ընդամենը փորձում է գրավել համակարգի առաջնորդող դերերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել