Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է»

Հոկտեմբեր 20,2011 00:00

Ասում է «Ժառանգությունը»

\"\"

Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, Գյումրու Տիկնիկային թատրոնի դահլիճում հանդիպեցին գյումրեցիներին ու, այսպես ասած, «հաշվետվություն» ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքների մասին: Ու թեեւ նրանք պարբերաբար շեշտում էին, որ իրենց նպատակը նախընտրական քարոզարշավ անցկացնելը չէ, սակայն ակնհայտ էր, որ հանդիպման հիմքում հենց դա է: Հենց սկզբում Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեց հիշեցնել, որ 6 պատգամավորով «Ժառանգությունն» ավելի շատ առաջարկություններ է ներկայացրել, քան Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ Դաշնակցություն խմբակցությունները: «Ամենափոքր խմբակցությամբ ամենաշատ առաջարկներ, նախագծեր ներկայացրած խմբակցությունն է: Մեզանից ավելի միայն այս հսկայական բյուջեից սնունդ ստացող կառավարությունն է եղել, որը ավելի շատ օրինագիծ է ներկայացրել, քան «Ժառանգությունը», արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ ծավալի աշխատանք ենք մենք իրականացրել»,- սեփական կուսակցության գովազդն այսպես սկսեց երիտասարդ պատգամավորը: Իսկ հաշվետվություն ներկայացնելու պատասխանատու գործն ընկավ Ստեփան Սաֆարյանի ուսերին: Նա ներկաներին մանրամասնորեն հիշեցրեց, թե «Ժառանգությունը» ինչպիսի հարցեր է բարձրացրել գյումրեցիների համար. բնակարանաշինության որակի, ավանդների վերադարձման, վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսազերծման եւ այլնի հետ կապված: Նա եւս բառեր չխնայեց իրենց կուսակցության գովազդի համար՝ խոսքը եզրափակելով նրանով, որ հիասթափությունը այլընտրանք ունի, եւ դա բոլորի համատեղ պայքարն է: «Այսպես ապրել պարզապես անկարելի է եւ անթույլատրելի է, մեր երկրին անհրաժեշտ են նոր փոփոխություններ, նոր քաղաքականություն, եւ այդ քաղաքականության կերտողը մենք բոլորս ենք լինելու միասին՝ դասեր քաղելով անցյալի սխալ ընտրություններից, մեր թույլ տված բացթողումներից»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով գյումրեցիներին հորդորեց չխաբվել ընտրությունների ժամանակ եւ մարդկանց լսել ոչ միայն ականջով, այլեւ «սրտով, հոգով»: «Շատ երկրներում եմ եղել, չքնաղ վայրեր կան, Հայաստանը միայն այստեղ է, եկեք փորձենք ապացուցել բոլոր նրանց, ում համար իրենց հայրենիքը իրենց գրպանն է, իրենց բանկային հաշիվն է, որ իսկական մարդու համար Հայաստան երկիրը ուրիշ բան է նշանակում: Ի՞նչ է նշանակում. նախեւառաջ՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, որտեղի՞ց մենք պետք է ունենանք այդ իրավունքը, եթե 20 տարի շարունակ նվազագույն աշխատավարձը չի կարող հավասարվել նվազագույն սպառողական զամբյուղին, հնարավոր չէ մարդն ազատ շնչի, եթե իր աշխատավարձը չի ապահովում իր ֆիզիկական ուժերի վերականգնումը, որ մարդը մյուս օրը կարողանա գնալ աշխատանքի: Մենք աշխատավարձ չենք ստանում, մենք պետք է պահանջենք այդ աշխատավարձը, Հայաստանում սոցիալական պահանջարկ դեռ չի ձեւավորվել, մի մտածեք, որ այսպիսի իշխանության դեմ խաղ չկա, կա, էն էլ հաղթական խաղ կա: Ես ուզում եմ, որ բոլորս միասին ասենք՝ տեր ենք՝ առանց հարցական նշանի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Խոսեց նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով փորձեց թասիբի գցել գյումրեցիներին՝ ասելով, թե 70-80 տոկոսով ընդդիմադիր հայացքներ ունեցող գյումրեցիները բա մի ընդդիմադիր պատգամավոր չունենայի՞ն խորհրդարանում: «Բա չլինե՞ր մեկը, որն ասեր, թե Գյումրին հայաթափվում է, որ Ախուրյանում այլեւս մարդ չի մնացել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հայաթափման թեմայից խոսեց նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց, որ իր վերջին 3 ճանապարհորդությունների ընթացքում իր կողքին, օդանավի մեջ միշտ շիրակցիներ են նստել: «Սա ի՞նչ է նշանակում. 20 տարի կենսագրություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար, այն Հայաստանի, որ հայրենիքի կեսից ավելին կորցրեց Ցեղասպանության եւ մեր հայրենազրկման տարիներին, այս մեր ինքնիշխան Հայաստանի 20 տարիների ընթացքում որքան ենք կորցրել: Երկրաշարժը տարավ մեր հարազատներին, տասը հազարներով, անթիվ, անհամար, բայց մեր ձեռքով, մեր երեք իշխանությունների քաղաքականության բերմամբ ո՞ւր է հասել այսօր Շիրակը եւ Հայաստանի Հանրապետությունը: Մարդիկ արժանապատվության պակասին զուգահեռ՝ ունեն աշխատանքի խնդիր, մեկնում են, ոչ մեկը չի մեղադրում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հարցնելով, թե ո՞վ է պատասխան տալու: «Մեր կուսակցական պայքարները, լոզունգները, զինանշանները պատասխա՞ն են տալու այդ խնդրին, որ 20 տարվա ՀՀ-ն դարձել է ժողովրդագրական իմաստով կիսով չափով հանրապետություն, եւ ահավոր արտագաղթի այս պայմաններում մենք վտանգի տակ ենք դնում մեր, ազգային անվտանգությունը»: Վերջինս նաեւ հարցրեց, թե այսպիսի պայմաններում ո՞վ պիտի առաջ քաշի ազգային շահերը, ո՞վ պիտի պահպանի սահմանները, եւ ի վերջո՝ ո՞վ պիտի վճարի 5 մլրդի հասնող պարտքը: «Մեր ոսկու պաշարները ծախեցին՝ եվրո արին, ո՞վ է պատասխան տալու այդ ամեն ինչի համար»,- մտահոգված հարցնում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջում հարցեր ուղղվեցին պատգամավորներին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ընդունում Հայաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ թեեւ ինքը կողմ է ազատ առեւտրին, բաց սահմաններին, բայց չի պատկերացնում, թե ինչպես ենք վճարելու այդ կառույցի կողմից սահմանված տույժ ու տուգանքները, եւ վերջապես՝ անընդունելի է, որ վարչապետը գործում է միանձնյա, առանց ժողովրդի հետ համագործակցելու, ու անդամագրվում է մի կազմակերպության, որին անդամագրված չէ նույնիսկ Ռուսաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել