Լրահոս
Օրվա լրահոսը

Վկային բերման կենթարկեն

Հոկտեմբեր 20,2011 00:00

NEW

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 1, 5 ժամ  ուշացումով սկսվեց հանրահայտ  «Մատաղիսի գործով» դատաքննությունը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին հայտնվել են ժակետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու  Ռազմիկ Սարգսյանը, որոնք  մեղադրվում են  2003թ. ԼՂՀ Մատաղիսի զորամասում զինծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանի ու Ռոման Եղիազարյանի սպանության մեջ: Դատական նիստին հարցաքննվեցին 2 վկաները, որոնք նախկինում արդեն  ցուցմունք էին տվել: Նրանցից մեկը  ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի սպա Արթուր Ոսկանյանն էր, որն ըստ էության որեւէ նոր տեղեկատվություն չհաղորդեց: Վերջինս նկարագրել էր ընդամենը մեկ դրվագ. իր աչքով տեսել էր, որ ջրանցքի մոտ զինվորների գլխարկ ու գոտի էր դրված, այնուհետեւ լսել էր, որ երկու զինծառայողներին սպանել ու «ջրի կանալն են գցել», իսկ թե ովքե՞ր են եղել սպանողները, դատախազների այս հարցին վկան պատասխան չգտավ: Մեղադրողների այն հարցին, թե «որպես սպա ձեր մեջ ցանկություն չառաջացա՞վ տեսնել, թե ո՞ւմ գլխարկներն են, ո՞ր զորամասից են զինծառայողները, չէ՞ որ զինվորականների գլխարկների վրա  գրվում է, թե ո՞ւմ է պատկանում», վկան  հավաստիացնում էր, թե չի հետաքրքրվել: Հաջորդ վկան  Թալինից էր՝ Մատաղիսում ծառայած Սերյոժա Սահակյանը: Նա  մի անգամ արդեն ցուցմունք է տվել դատարանում, այս գործով որպես կասկածյալ 8 ամիս շարունակ պահվել էր Ստեփանակերտի ու Երեւանի ոստիկանություններում, բռնությունների էր ենթարկվել, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարում էր, որ ոչինչ չի հիշում:  Վկան պնդեց, որ ինքը չի հիշում, թե ցուցմունք է տվել, դատախազների ու դատավորների հիշեցումներին ընդհանրապես չէր արձագանքում: Դատարանը հրապարակեց նրա նախորդ երկու ցուցմունքները, որտեղ նա հայտնել էր, որ Զոյայի խանութի կողքով անցնելիս ձայներ էր լսել, բղավում էին՝ «մամա ջան, մամա ջան»: Ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի այն հարցին, թե՝ «Քեզ ինչո՞ւ էին  տարել ոստիկանություն, ուզում էին իմանալ, չէ՞, թե ի՞նչ էր կատարվել, ովքե՞ր են մեղավոր», Սերյոժա Սահակյանն անկեղծացավ, որ իրեն ծեծել են, բռնությունների ենթարկել, ինքն ուզեցել է բողոք ներկայացնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն հարազատները չեն թույլատրել: Դատական նիստից հետո  փաստաբան Ստեփան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ, իր համոզմամբ, այս վկան, ինչպես եւ Արման Գրիգորյանը, Արման Թադեւոսյանը,  խանութատերեր Հարությունյանների ընտանիքը տեղյակ  են դեպքի մանրամասներին, ականատես են  որոշակի հանգամանքների, սակայն ինչ-որ բան թաքցնում են` ելնելով իրենց  անվտանգությունից: Մենք փաստաբանից  հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է այսքան ձգձգվում այս գործը, եւ ինչո՞ւ են նույն վկաներին մի քանի անգամ դատարան հրավիրում: «Ինչ-որ մի տեղ այս վկաներին երկրորդ անգամ կանչելով, իհարկե, ձգձգվում է  դատաքննությունը, բայց պաշտպանության կողմն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է, որ ցանկացած դեպքում մենք չենք առարկում, մանավանդ տուժողների  իրավահաջորդների միջնորդությունների դեմ` ամեն գնով  պարզելու ճշմարտությունը, բացահայտելու դեպքի մանրամասները, հանգամանքները եւ չի բացառվում, որ վկաները թեկուզ երկրորդ, երրորդ անգամ դատական նիստերի դահլիճում կարող են հայտնել իրենց հայտնի այնպիսի հանգամանքի մասին, որոնց վերաբերյալ չեն հայտնել թե նախաքննության ընթացքում եւ թե նախորդ նիստերի ժամանակ, եթե նրանք կանչվել են դատարան եւ հարցաքննվել են»,-ասաց փաստաբանը: Նրա կանխատեսմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ տարեվերջ այս գործով դատաքննությունը կավարտվի: Վկա Մարիետա Հարությունյանին բերման ենթարկելու համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 2-ը:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել