Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\" Պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության վերաբերյալ օրենսդրության  եւ հատկապես դրա կիրառման առնչությամբ քննադատությանը միացավ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, որը մի շարք ապարդյուն ձեռնարկներից հետո դիմել է Սահմանադրական դատարան: «Առավոտի» իրավական բաժնի հարցերին է պատասխանում օրենսդրական քննարկումներին իրազեկ իրավագետ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:  

– Պատվի, արժանապատվության եւ բարի համբավի պաշտպանության իրավակիրառական պրակտիկան դարձել է նաեւ այդ օրինագծի հեղինակի՝ Մարդու իրավունքների պաշտպանի քննադատության թիրախը: Ըստ Ձեզ՝ կոնկրետ ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար, եւ ի՞նչ է պետք անել մամուլին սնանկացնելու գործընթացը բացառելու ուղղությամբ:
– Կարծում եմ, հիմնախնդիրն ավելի տարողունակ է, քան սոսկ իրավակիրառ պրակտիկան: Բնականաբար, կարելի է որոշ թերություններ հայտնաբերել օրենսդրությունում (ի դեպ, ժամանակին ինքս լուրջ առարկություններ եմ ունեցել այդ նախագծի առնչությամբ, որոնք ամբողջությամբ չեն ընդունվել, մինչդեռ ներկայումս հենց դրանք են քննարկման նյութ դարձել), կարելի է ոչ այնքան հիմնավորված համարել նաեւ իրավակիրառ պրակտիկան եւ այլն:
Սակայն գլխավոր խնդիրը բարոյահոգեբանական մթնոլորտն է: Եթե հաջողվի անգամ սեղմ ժամկետում օրենսդրությունը դարձնել լավագույնը, միեւնույն է՝ մենք չենք հաղթահարի բոլոր խոչընդոտները, քանի դեռ չեն ձեւավորվել քաղաքակիրթ ու մասնագիտական բարձր որակավորմանը նախապատվություն տալու միտումները:
Կոնկրետ այդ օրենսդրական ակտի հետ կապված մի դիտարկում ներկայացնեմ. ի՞նչ եք կարծում, մենք կկարողանա՞նք շտկել իրավիճակը, եթե  հետեւողականորեն շարունակենք փոխհատուցումը շփոթել տուգանքի հետ: Այլ կերպ ասած՝ մենք դեռ չենք կարողանում դուրս գալ այն ստերեոտիպերից, ըստ որոնց՝ ցանկացած գումարային պահանջ ոչ այլ ինչ է, քան տուգանք, պետական հարկադրանքի միջոց:
Մեկ անգամ եւս ծանոթացեք Ազգային ժողովում այդ օրինագիծը ներկայացնող պատգամավորի ելույթներին, Ձեզ համար կբացահայտեք, որ վերջինս պարբերաբար խոսում էր բացառապես տուգանքի, բայց ոչ` փոխհատուցման մասին: Էլ ավելի մտահոգող է այն, որ «տուգանք» եզրույթն իր արտացոլումը գտավ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ կազմակերպված հարցազրույցներում:
Նկատենք, որ տուգանքը, որպես պետական հարկադրանքի տարատեսակ, էապես տարբերվում է քաղաքացիաիրավական բնույթի փոխհատուցման ինստիտուտից, եւ եթե մենք խոսում ենք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման առավելության մասին, այլեւս չենք կարող դատողություններ անել նույն քրեական իրավունքին բնորոշ հասկացություններով:
– Բայց գործնականում փոխհատուցումը հենց որպես տուգանք է ընկալվում բոլորի կողմից, ի՞նչ կփոխվի, եթե մենք այն նաեւ մեր մտածելակերպում փոխենք եւ ընկալենք որպես փոխհատուցում, ի՞նչ է, դատարանները կնվազեցնե՞ն նշանակվող գումարների չափերը:
– Դատավորները, համոզված եմ, քաջատեղյակ են խնդրին եւ ունակ են հստակ սահմանազատելու հիշյալ ինստիտուտները, սակայն վերը նշված մթնոլորտը եւս խոչընդոտում է, որպեսզի վերջիններս ձեւավորեն պատճառված վնասին առավել համահունչ ու համարժեք փոխհատուցում սահմանելու իրավակիրառ պրակտիկա: Ընդ որում, այդպիսի վիճակին նպաստում է նաեւ օրենսդրությունը: Նկատենք, որ, օրինակ, վարչական օրենսդրությունում համեմատաբար հստակ ամրագրված են վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի (այս դեպքում փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի կամ համապատասխան համայնքային բյուջեի միջոցներից) դեպքում փոխհատուցման չափի որոշման հիմքերը, ինչը չես ասի լրատվության միջոցների կողմից պատճառված վնասի համար փոխհատուցում որոշելու առնչությամբ:
Բացի այդ, փոխհատուցումը որպես տուգանք ընկալելուն նպաստում է նաեւ փոխհատուցման առավելագույն չափեր սահմանելը: Իհարկե, դա արվեց իբրեւ երաշխիք էլ ավելի մեծ չափեր նշանակելու հնարավոր պրակտիկան կանխելու նկատառումով: Ընդ որում, այդ մտահոգությունը իրատեսական է, եթե նկատի ունենանք հենց մեր դատական պրակտիկայի 1992-94թթ. վիճակագրական տվյալները. մասնավորապես, քաղաքական գործիչներից մեկին` Մ. Պետրոսյանին «հաջողվել» էր լրատվության միջոցներից մեկի նկատմամբ մի այնպիսի աստղաբաշխական գումարի պահանջի բավարարում ստանալ, որի հետ համեմատած ներկայիս դատական պրակտիկան միանշանակ քաղաքակիրթ կարող է համարվել: Այնուամենայնիվ, դա լավագույն լուծումը չէր, քանզի այն գործնականում հայցվորների, իսկ այնուհետեւ` դատարանների համար սոսկ յուրահատուկ ուղեցույցի նշանակություն ունեցավ: Լավագույն լուծումը, կարծում եմ, կլիներ պատճառված վնասի հաշվարկի համար հստակ չափանիշներ սահմանելը:
– Կարո՞ղ ենք ժամանակավրեպ համարել վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը եւ քրեական պատասխանատվությունը քաղաքացիականով փոխարինելու նախաձեռնությունը:
– Նախ, հանրությունում, ցավոք՝ նաեւ առանձին իրավաբանների մոտ, իշխում էր այն թյուր պատկերացումը, թե իբր նախկին քաղաքացիական օրենսդրությունը բացառում էր ոչ գույքային վնասի համար նյութական պատասխանատվությունը: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նախկին օրենսդրությունը եւս այդպիսի պատասխանատվությունը չէր բացառում, ուղղակի այն առավել հստակ ու կիրառելի դարձնելու խնդիր կարող էր դրվել: Բացի այդ, այդ արարքների ապաքրեականացման խնդիրն այլեւս այդչափ սուր չէր, քանզի այդ արարքների առնչությամբ քրեական հետապնդում կարող էր սկսվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա, այսինքն` դրանք մասնավոր մեղադրանքի գործեր էին: Իսկ եթե հավելենք, որ դատաիրավական բարեփոխումները անխուսափելիորեն հանգեցնելու էին նաեւ մասնավոր մեղադրանքի ինստիտուտի բարելավմանը, որի դեպքում ընդհանրապես կբացառվեր քրեական հետապնդման մարմինների որեւէ միջամտությունը (տուժողը ինքն է լիազորվելու դատախազի փոխարեն պաշտպանելու իր մասնավոր մեղադրանքը), ապա պարզ կդառնար, որ հիշյալ նախաձեռնության միակ ու, ցավոք, բացասական «ներդրումը» գործնականում եղավ այն, որ այն ամրագրեց փոխհատուցման ուղղորդող չափեր:
Ավելին, վերջին հաշվով, բարոյական վնասի համար նյութական փոխհատուցումն ինքնանպատակ չէ, այն կարող է հիմնավորված համարվել միայն այն դեպքում, երբ կոնկրետ իրադրությունում այդ վնասը փոխհատուցելու, խախտված իրավունքը պաշտպանելու համար, իրոք, անհրաժեշտ է բացառապես դրամական փոխհատուցում կամ նյութական ծախսերի միջոցով նախկին վիճակի վերականգնում: Այդպիսի իրավիճակ առավելապես առաջանում է գործարար համբավի արատավորման դեպքում:
Միեւնույն ժամանակ, նախաձեռնությունը կարող էր ինքնին ավելի հաջողված լինել, քան այն ճանապարհը, որ ինքս ուրվագծեցի, սակայն այս դեպքում արդեն անհրաժեշտ էին առավել համակարգված ու ամբողջական լուծումներ: Ընդ որում, հարկ էր համարժեք հաշվի առնել ոչ միայն միջազգային փորձը, այլեւ հենց հայրենական դատական պրակտիկայի նրբությունները, հարկավոր էր կանխատեսել բոլոր հնարավոր զարգացումները:
– Պարոն Դանիելյան, այնուամենայնիվ, ի՞նչ սպառնալիք է ստեղծվում, երբ փոխհատուցումը գործնականում ընկալվում է որպես տուգանք:
 – Կոնկրետ փոխհատուցումը որպես տուգանք ընկալելիս հոգեբանորեն ելակետ է ընդունվում այն, որ պարտադիր չէ, որպեսզի սահմանվող գումարը համարժեք լինի պատճառված վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ միջոցների չափին, այդ դեպքում առավելապես հաշվի է առնվում արարքի վտանգավորության աստիճանը: Տուգանքն ընդհանրապես ուղիղ համեմատական կապի մեջ չի գտնվում պատճառված վնասի չափի հետ. տուգանք կարող է նշանակվել նաեւ այն դեպքում, երբ տուժողին որեւէ վնաս չի պատճառվել, սակայն կարող էր պատճառվել: Տեսականորեն տուգանքը միայն անուղղակի կապի մեջ է պատճառված վնասի հետ, քանզի վնասի չափը որոշակի իմաստով կանխորոշում է արարքի վտանգավորության աստիճանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել