NEW
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:
Մենք` Հայաստանում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է, ինչն արդեն իսկ իրագործվել է հեռուստատեսային լրատվության ոլորտում:
Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, Սահմանադրական դատարանին կոչ ենք անում մինչեւ վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:
Ընդգծում ենք նաեւ, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական եւ այլ կարգի հետապնդումներից` հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, եւ հետեւողականորեն պայքարելու ենք Խոսքի ազատության, ինչպես նաեւ տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու Սահմանադրական իրավունքի պաշտպանության համար: