NEW
Վերջերս լրացավ հայ կոմպոզիտորական արվեստի կարկառուն դեմքերից մեկի՝ երգահան, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակը, իսկ 2011 թվականը, անկասկած, կարելի է միրզոյանական համարել: ՀՀ ազգային արխիվում են պահպանվում Էդվարդ Միրզոյանի անձնական արխիվային ֆոնդի փաստաթղթերը, Ավ. Իսահակյանի խոսքերով գրված ռոմանսները՝ «Ասում են, թե», «Երազ տեսա» եւ այլն: Առանձնակի ուշադրության է արժանի Սիմֆոնիան՝ գրված լարային նվագախմբի եւ տավիղների համար, որը միջազգային լայն տարածում է ստացել: Միրզոյանը գրել է կինոերաժշտություն, մանկական պիեսներ՝ դաշնամուրի համար եւ այլ ստեղծագործություններ (պոեմներ, սյուիտներ, սոնատներ): Ֆոնդում ստեղծագործական նյութերը տրված են նոտագրությունների տեսքով (ձեռագիր, տպագիր):
«Էդ. Միզոյանի ձեռագրերը» բաժնում տեղ են գտել ելույթի տեքստեր ԽՍՀՄ կոմպոզիտորների միության համագումարում, ՀՍՍՀ ստեղծագործական միությունների համատեղ պլենումում, Կոմիտասի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, իսկ «Նամականի» բաժնում՝ Արտեմի Այվազյանի, Սարգիս Բարխուդարյանի, Գեորգի Տիգրանյանի եւ այլոց նամակները:
Կենսագրությանը եւ աշխատանքային գործունեությանն առնչվող փաստաթղթերում կան տեղեկանքներ, վկայականներ, մանդատներ, դիպլոմներ, ազդագրեր, ստացված գրություններ, Էդ. Միրզոյանի կողմից տրված բնութագրեր, կարծիքներ Մ. Բեգլարյանի, Ա. Սաթյանի մասին:
Ընդգրկուն է «Փաստաթղթեր Էդ. Միզոյանի եւ իր ստեղծագործությունների մասին» բաժինը, ուր ընդգրկված են գրքույկներում տրված նրա ստեղծագործական ժառանգության ողջ պատկերը: Ֆոնդում առկա են նաեւ «Ընծայագրերով փաստաթղթեր» եւ «Լուսանկարներ» բաժինները, հատկապես լուսանկարներ Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ալ. Հարությունյանի եւ այլոց հետ: Ուզում ենք մեջբերել Էդ. Միրզոյանի լարային կվարտետի մասին Պրահայի երաժշտական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Էմիլ Գլոբիլի կարծիքը. «Էդ. Միրզոյանի լարային կվարտետը հետաքրքիր նորարարական ստեղծագործություն է: Սոնատային ցիկլի ավարտվածությունն այս ստեղծագործության մեջ ձեռք է բերվել վարիացիոն միջոցներով: Սա բացառիկ դեպք է լարային գրականության մեջ»: