Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի սպանիր մեր սերը»…

Հոկտեմբեր 19,2011 00:00

Մարդկային մտքի երեւակայության արդյունք. գրաֆիտի

\"\"

«Ինձ մի թող, Անի, առանց քեզ կյանք չունեմ», «Անի, մի սպանիր մեր սերը», «Դու ինձ կհիշես»: Այսպիսի գրառումներ են «զարդարում» Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող գետնանցումի պատերը, ինչը տեսնելով՝ շատերը համարում են անդաստիարակություն, տգիտություն եւ այլն: Իսկ երբ դա անում են եկեղեցիների ու թանգարանների պատերին՝ խայտառակություն, վանդալիզմ: Առաջին հայացքից գնահատելի կամ հետաքրքիր թվացող նկարների ու գրառումների խառնաշփոթը մարդկանց մեջ հակակրանք է առաջացնում «գրաֆիտի» կոչվող արվեստի նկատմամբ, մանավանդ, երբ տեղյակ չեն դրանից: Իրականում գրաֆիտիները պատկերներ են, նկարներ կամ գրառումներ՝ փորագրված կամ նկարված ներկով, թանաքով՝ պատերին եւ այլ մակերեւույթներին: Գրաֆիտիներ են կոչվում պատերի փողոցային ներկման ցանկացած ձեւեր, որոնց վրա կարելի է գտնել ամեն ինչ. հասարակ գրված անուններից մինչեւ գեղեցիկ նկարներ: Իսկ հին գրաֆիտիներն իրենցից ներկայացնում են սիրո խոստովանություններ, քաղաքական կարգախոսներ կամ պարզապես հետաքրքիր մտքեր:
Ներկայումս մեզանում տարածում է գտել «սփրեյ-արտը»՝ գրաֆիտիների նկարումը օզոնային ներկերով: Հատկանշական է, որ գրաֆիտիները սերտորեն կապված են «հիպ-հոպ» եւ «փանք-ռոք» ուղղությունների հետ: Հայաստանում գրաֆիտիները հիմնականում հանդիպում են գետնանցումներում, բակերի պատերին եւ համայնքների առանձին հատվածներում: Ինչպես մի շարք երկրներում, Հայաստանում էլ որեւէ մեկի սեփականության վրա առանց թույլտվության գրաֆիտի անելը համարվում է վանդալիզմ եւ դատապարտվում օրենքով: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժնի աշխատակից Արման Ասատրյանը, պատերին նկարող օրինազանցները Քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվություն են կրում. «Թույլատրելի է նկարել միայն անձնական սեփականության վրա, ոչ թե ուրիշի կամ էլ հասարակական վայրերի պատերին: Այդ ամենը վերահսկվում է ոստիկանության տվյալ տարածքի բաժնի կողմից»:
Գրաֆիտին մեծ տարածում է գտել մայրաքաղաքում ու հաճախ դրանց հեղինակները քաղաքի մաքուր պատերը փչացնում են անհասկանալի խզբզոցներով, հայհոյանքներով, սիրո խոստովանություններով, ինչը ամենեւին էլ չի խրախուսվում մեր համաքաղաքացիների կողմից: Խզբզոցների կարելի է հանդիպել նաեւ եկեղեցիների պատերին. Արման սարկավագ Խաչատրյանը համարում է, որ երեւույթը հավատացյալ հասարակության համար անցանկալի է, անթույլատրելի. «Եկեղեցին Աստծո տունն է, եւ մի կտոր երկինք՝ երկրի վրա: Նման արարքը մեղք է»: Սարկավագը գրաֆիտին համարում է մարդկային մտքի երեւակայության արդյունք ու համոզված է, որ այն պետք է համապատասխան վայրերում արվի, այսինքն՝ դրա համար նախատեսված հատուկ հրապարակներում: Հոգեբան Նելլի Սահակյանի խոսքերով էլ, քանի որ գրաֆիտին ժամանակակից արվեստի ինքնադրսեւորման, ինքնաարտահայտման ձեւ է, դրանով հիմնականում զբաղվում են սիրողական մակարդակով, իսկ պրոֆեսիոնալների համար դա ապրելակերպ է, կյանքի ոճ: Ն. Սահակյանը ժխտեց այն կարծիքը, թե գրաֆիտի անողները կոմպլեքսավորված մարդիկ են՝ «կոմպլեքսավորված մարդը պատերին չի նկարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել