Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԱՎԵԼԻ ՇԱՏ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ, ՔԱՆ ԲԱՑԵՐ»

Հոկտեմբեր 19,2011 00:00

\"\"2011-ի միջազգային ֆուտբոլային պատուհանը Հայաստանի համար արդեն փակվել է: Սակայն ասելիքներ դեռ շատ կան ու կլինեն, քանի դեռ թարմ է մեր ազգային հավաքականի սրընթաց հաջողությունների հետքը:

Ուստի, ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի Իռլանդիայի հետ վերջին հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողների հետ՝ թիմի համար այս մրցաշրջանն ամփոփելու ու գալիքի մասին խոսելու:
Մարզիչը նշեց, որ ընտրական փուլի մեկնարկից առաջ իր մատնանշած աշխատանքների կատարման արդյունքն է այն հավաքականը, որ մենք այսօր ունենք: «Բելառուսի դեմ խաղից սկսեցինք սերնդափոխություն, քանի որ նոր թիմ ձեւավորելիս պետք է կազմը ձեւավորել, «խաղ դնել»: Ու մեր առաջին գործը խաղաոճ ձեւավորելն էր: Այսօր, կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց, ու հավաքականն այժմ ունի իր դեմքը: Ունենք երիտասարդներից բաղկացած կորիզ, ունենք փորձառու ֆուտբոլիստներ՝ Սարգիս Հովսեփյան եւ Ռոման Բերեզովսկի: Սկզբում մեզ փորձը չէր բավականացնում, պարզապես», – ասաց Մինասյանը՝ նկատելով, որ թեեւ դրված նպատակների համատեքստում գոհ է արդյունքից, սակայն գոհացուցիչ չի կարող լինել վճռորոշ խաղում զիջելու հանգամանքը: «Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ ավելի շատ ձեռքբերումներ ունեցանք, քան բացեր»,- նշեց մարզիչը:
Նույն գնահատականը Մինասյանը տվեց նաեւ շատ ու շատ խոսակցությունների տեղիք տված Իռլանդիայի հետ հանդիպմանը. «Խաղից հետո տղաներին ասացի, որ գոհ եմ իրենց կատարած աշխատանքից, իրենք կարող են իրենց գլուխները բարձր պահել: Շատ խոսակցություններ եղան կազմի ընտրության հետ կապված: «Հաղթած կազմը չեն փոխում» մոտեցումը հնում էին կիրառում: Ես կարծում եմ, որ պետք է տակտիկան կառուցել ըստ մրցակցի: Ու Իռլանդիայի դեմ երկու հենակետայինով խաղալը սխալ կլիներ: Ու մինչեւ կարմիր քարտն ամեն ինչ նորմալ էր»:
Անդրադառնալով ապագայի խնդիրներին՝ նա խոսեց Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի «B» խմբի մասին, որում տեղ է գտել Հայաստանի հավաքականը: Ըստ մարզչի, այս բավական բարդ խումբը արդեն ավելի լավ է մեզ համար. «Եթե զուտ վիճակագրությամբ դատենք, ապա Դանիան ու Իտալիան արդեն Եվրոպայի առաջնության եզրափակչում են, Չեխիան մեծ հնարավորություններ ունի այնտեղ հայտնվելու: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ վիճակում կլինեն թիմերը առաջնությունից հետո: Հիշենք, թեկուզ, Սլովակիային, որը լավ խաղաց Աշխարհի առաջնությունում, բայց հետո այնքան էլ տպավորիչ չէր Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Ընդհանուր առմամբ, միանշանակ այս խումբն ավելի ուժեղ է: Անգամ Մալթան չես համեմատի Անդորրայի հետ ու միգուցե սա ավելի լավ է մեզ համար, քանի որ մեր թիմն ավելի փորձառու է»: Իսկ մինչ գալիք ընտրական փուլի մեկնարկը, ըստ մարզչի, ազգային հավաքականին չորս ընկերական հանդիպում է սպասում. մեկը՝ փետրվարին, երկուսը՝ մայիսին ու եւս մեկը՝ օգոստոսին: Աշխատանքներ են տարվելու նաեւ թիմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու ուղղությամբ թե պատանեկան ու երիտասարդական հավաքականներից, թե արտասահմանից: «Ցանկացած հայ ֆուտբոլիստ, որն աչքի կընկնի իր առաջնությունում, մեր ուշադրության կենտրոնում կլինի», – խոստացավ Մինասյանը: Միեւնույն ժամանակ, խոսելով ներկա հավաքականի կադրային խնդիրներից, նա շեշտեց, որ ժամանակ է պետք լավ դարպասապահ ունենալու համար: Իսկ դրան զուգահեռ երբեմն կտրուկ քայլեր են անհրաժեշտ: Մասնավորապես, Իրանի նախատիպով լեգեոներ դարպասապահների սահմանափակում մտցնելու տարբերակի կիրառումը: «Ես կողմ եմ կտրուկ որոշում ընդունելուն, որ Հայաստանի առաջնությունում դարպասապահները միայն տեղացիներ լինեն: Միգուցե սկզբում անկում լինի, բայց երկու տարի հետո ամեն ինչ լավ կլինի: Դարպասապահի դիրքն այն է, որտեղ խաղալով աճ պիտի գրանցվի», – փաստեց Վարդան Մինասյանը…
Իսկ վերջում երիտասարդ մասնագետը շնորհակալություն հայտնեց իր հետ աշխատած մարդկանց. թե ֆուտբոլիստներին ու թե մարզչական շտաբի անդամներին: «Ես զգում էի, որ մարզչական շտաբում բոլորս ունենք մեկ նպատակ: Իսկ թիմում բոլորը լավ ֆուտբոլիստներ են ու մեծ ցանկությամբ են գալիս հավաքական: Նրանց մարդկային որակներն էլ շատ բարձր մակարդակի են, ուստի նրանց հետ հեշտ էր աշխատել: Երբ մարդը հասկացող է ու ընդունակ, ֆուտբոլի մասին հեշտ է խոսել, կազմակերպչական հարցերի վրա ժամանակ չի վատնվում: Շնորհակալությունս եմ հայտնում ֆուտբոլիստներին պրոֆեսիոնալիզմի համար», – եզրափակեց Վարդան Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել