Քաղաքացիներին առաջարկում են նյութապես օգնել դպրոցներին ու մանկապարտեզներին, իսկ ԿԳՆ-ն դա անում է միայն հոգեպես:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մինչեւ 8-րդ դասարանը սովորել է Երեւանի Գոգոլի անվան թիվ 35 ռուսական թեքումով դպրոցում, այնուհետեւ տեղափոխվել է թիվ 45 դպրոց ու ավարտել այն: Երկու դպրոցներն էլ պարոն Աշոտյանից «Օգնիր դպրոցիդ» նախաձեռնության շրջանակներում նույնիսկ 1000 դրամի օգնություն չեն ստացել՝ չնայած շարքային քաղաքացիներին նախարարությունն ամեն օր «թասիբի» է գցում: Թե ինչու նախարարն օրինակ չի ծառայում եւ իր հնարավորության սահմաններում չի օգնում թիվ 35 կամ թիվ 45 դպրոցներին՝ պարոն Աշոտյանը «Առավոտին» այսպես պարզաբանեց. «Ես բոլո՛ր դպրոցների համար եմ պատասխանատվություն կրում, եւ ուժերիս ներածին չափով օգնում: Աջակցման ձեւերը չեն սահմանափակվում կոնկրետ «Օգնիր դպրոցիդ» նախագծի շրջանակներում փոխանցում կատարելով»: Քանի որ պարոն Աշոտյանի՝ «բոլոր դպրոցներ» ասվածը շատ անորոշ է հնչում, մենք որոշեցինք պարզել, թե ավելի ստույգ ո՞ր դպրոցներին եւ ինչո՞վ է օգնել նախարարը՝ պատահական սկզբունքով զրուցելով հանրապետության տարբեր դպրոցների տնօրենների հետ:
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը վստահեցրեց, որ այս տարվա մայիսին պարոն Աշոտյանն իրենց 10 համակարգիչ է նվիրել: Բայց, ինչպես հետո պարզեցինք, դա ոչ թե պարոն Աշոտյանի, այլ նախարարության նվերն էր՝ պետբյուջեի հաշվին:
Թիվ 45 դպրոցի տնօրեն Միհրան Փաշայանի խոսքերով՝ «Մեկ տարուց ավելի է՝ www.ognirdprocid.am կայքը գործում է եւ ընդամենը փոխանցվել է 134 հազար 200 դրամ: Բայց ես չեմ դժգոհում՝ ումի՞ց կամ ինչի՞ց դժգոհեմ»: Մեր հարցին, թե ինչպիսի՞ սան է եղել նախարարը՝ Մ. Փաշայանը պատասխանեց. «Ես այդ ժամանակ դեռ տնօրեն չէի, երբ պարոն Աշոտյանն ավարտել է դպրոցը եւ չեմ կարող ասել»:
Թիվ 64 դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանն ասաց, որ իրենց դպրոցի հաշվին փոխանցել են 95 հազար դրամ, որից 70 հազարը՝ դպրոցի աշխատակազմի կողմից է. «Մեր դպրոցին կոնկրետ չի եղել օգնություն, համակարգիչ էլ չենք ստացել»:
Այս 1 տարվա ընթացքում թիվ 116 դպրոցի հաշվեհամարին այդպես էլ 10 դրամ փոխանցող չի եղել, հաշվեկշռում 0 դրամ է: Դպրոցի տանիքն անմխիթար վիճակում է, սեղան-աթոռի կարիք կա: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Խաչատրյանի խոսքերով՝ նախարարության կողմից ստացել են համակարգիչներ, տպիչ, սկաներ, բայց կոնկրետ նախարարի կողմից՝ ոչինչ չեն ստացել. «Մենք չենք կարող նեղանալ պարոն Աշոտյանից, որովհետեւ հասկանում ենք բյուջեի հետ կապված խնդիրները Հայաստանում»:
Թիվ 80 դպրոցի տնօրեն Ռ. Արսենյանը զարմացավ, երբ հարցրինք, թե նախարարի կողմից որեւէ փոխանցում եղե՞լ է իրենց դպրոցի հաշվին, թե՞ ոչ. «Նա ինչո՞ւ պետք է փոխանցում աներ, մեր շրջանավարտը չի: Մեր հաշվին կա 55 հազար դրամի փոխանցում, որից 10 հազարը մոտակա պոլիկլինիկան է արել, մնացածը՝ մենք, մեր կոլեկտիվով»: Եվս մեկ տասնյակ դպրոցներից տեղեկացրին, որ կոնկրետ նախարարից նյութական աջակցություն չեն ստացել:
Մենք Ա. Աշոտյանից նաեւ հետաքրքրվել էինք, թե մի ամբողջ երկրի կրթության ոլորտի պատասխանատու լինելով՝ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում ինչո՞ւ է մեսրոպյան տառերի փոխարեն ստատուսներ գրում լատինատառ: Մասնավորապես, նկատի ունեինք արձակուրդ գնալուց առաջ նախարարի հետեւյալ տողերը, որը հարուցել էր մեր քաղաքացիների դժգոհությունը՝ «Hargeli ynkerner ev ajtseluner. Es ardzakurd em meknel. Hangstanum em naev FB-its ))) Kveradarnam ogostosi kesits. Shnorhavor antsats ev galiq tsnndian orery. Harganqov, Armen»: Նախարարի պարզաբանմամբ՝ «Ես բոլոր գրառումները Ֆեյսբուքում կատարում եմ հայերեն, այդ ժամանակ հանգստանում էի Բաթումում եւ ստիպված էի գրել լատինատառ, քանի որ հայկական ստեղնաշար չկար»:
Պարոն Աշոտյանի հետ կապված վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նրա ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները վատացել են, որովհետեւ ԿԳ նախարարը սկսել է մտերմանալ վարչապետի հետ, որ նա նույնիսկ կառավարության նիստերին գերազանցիկի պես է զեկուցում ու այդ քայլով բարկացնում Հ. Աբրահամյանին: ԿԳ նախարարը «Առավոտին» մեկնաբանել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որ իր եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները վատ չեն, եւ որ նա արդյունավետ աշխատում է ԱԺ-ի հետ: