Գալչյան ընտանիքն ու Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF) փորձում են գյուղը դարձնել գրավիչ ու մրցունակ:
Հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում 2007 թվականից գործող «Լեւոն Գալչյան» արվեստանոցում «Իրագործում 2011» խորագրով գեղարվեստական արհեստների ցուցահանդես-տոնավաճառ էր, որին մասնակցում էին Հայաստանի հայտնի 10 վարպետներ՝ փայտի փորագրության, արծաթագործության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, բատիկայի եւ այլ ուղղություններով: «Իրագործում 2011»-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գեղարվեստական արհեստների զարգացման ու տարածման ծրագրի բաղադրիչներից մեկն է:
Մյասնիկյան գյուղի «Լեւոն Գալչյան» արվեստանոցի խեցեգործության, ասեղնագործության դասարաններին եւ դարբնոցին շաբաթ օրը ավելացան «Արծրուն Բերբերյան» արծաթագործության արվեստանոցը եւ թոնրատուն-հացի թանգարանը:
Անգլիայի Բրայթոն քաղաքի Արվեստի համալսարանը ավարտած, Իտալիայում եւ Անգլիայում ստեղծագործած Լեւոն Գալչյանի անժամանակ մահվանից հետո նրա հայրը՝ Ռուբեն Գալչյանը, ճարտարապետ ու գեղարվեստական արհեստների վարպետ Միքայել Մկրտչյանի հետ Մյասնիկյան գյուղում 2007-ին բացեց արվեստանոց: Կենտրոնը հիմնելու համար պահանջվել է մոտ 80 հազար դոլար, երեխաները այստեղ սովորում են անվճար, տարեկան մոտ 15 000 դոլար էլ ծախսվում է այս նպատակի համար: Արծաթագործության նոր դասարանը եւ թոնրատուն-հացի թանգարանը բացվեցին «Իրագործում 2011» ծրագրի շրջանակներում Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) օգնությամբ: Ծախսվել է մոտ 20 հազար դոլար:
Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) տնօրեն Սերոբ Խաչատրյանի խոսքով, COAF-ն ու Գալչյան ընտանիքը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում մեկ նպատակով. գյուղերում ստեղծել համապատասխան միջավայր, որտեղ երեխաները կկարողանան իրենց ունակությունները զարգացնել, հմտությունները կատարելագործել, գյուղերում ունենալ ոչ միայն հանրակրթական դպրոցներ, այլեւ պայմաններ, որ երեխաները սովորեն արհեստներ, այցելեն արվեստի դպրոցներ: «Մենք փորձում ենք գյուղերը դարձնել գրավիչ ու մրցունակ եւ, ամենակարեւորը, տեղում ստեղծել աշխատատեղեր: Այդ դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ գյուղի բնակիչը իր կյանքն ու ապագան կկապի գյուղի հետ: Կենտրոնը երկու բաղկացուցիչ ունի՝ կրթական եւ տնտեսական»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:
«Լեւոն Գալչյան» արվեստանոցում արդեն աշխատում են ենթավարպետներ, որոնք այստեղի սաներից են: Սերոբ Խաչատրյանի խոսքով, կենտրոնի դարբնոցն ու թոնրատունն էլ որոշակի եկամուտ կարող են ապահովել, որը կծառայի կենտրոնին:
Լեւոն Գալչյանի հայրը՝ Ռուբեն Գալչյանը ասաց, որ Լեւոնի երազանքն է եղել Հայաստանում արվեստանոց ունենալը ու այսկերպ նրա ցանկությունն է կյանքի կոչվում: Արվեստանոցի նպատակն է նպաստել Երեւանից դուրս մշակութային կյանքի ակտիվացմանը, ստեղծագործ ապրելու մշակույթի ձեւավորմանն ու տարածմանը: «Տեսնելով երեխաներին, որ այստեղից հետո հաջողությամբ սովորում են Երեւանի արվեստի կրթօջախներում, հասկանում ենք, որ մեր ներդրումը անտեղի չի անցել: Մենք մեծահարուստներ ունենք, որ դամբարանների համար հազարավոր դոլարներ են ծախսում: Այս կենտրոնը այդքան չի արժեցել»,- ասաց Ռուբեն Գալչյանը:
Այս պահին արվեստանոցում գործում են դարբնոց եւ նկարչության, քանդակի, մետաղագործության, խեցեգործության, գորգագործության, ասեղնագործության եւ այլ դասարաններ: «Լեւոն Գալչյան» կենտրոնում սովորում են ոչ միայն Մյասնիկյան, այլ նաեւ հարեւան Շենիկ ու Քարակերտ գյուղերի երեխաներ՝ 35-40 հոգի: