ՀՀ պաշտոնյաները քար անտարբերություն են ցուցաբերել
Այս մասին մեր օրաթերթի հետ զրույցում վրդովված պատմեցին Տավուշում տեղի ունեցած սողանքի հետեւանքով մահացած Վրաստանի քաղաքացիներ՝ 19-ամյա Արթուր եւ 62-ամյա Գուրգեն Հակոբյանների՝ Գյումրիում բնակվող հարազատները: Նրանց դիակները գտել էին 13 օր տեւած որոնողական աշխատանքներից հետո: Ինչպես նկարագրում էին հարազատները՝ Արթուրի մարմինը չորս մասի էր բաժանվել, Գուրգենինը՝ 3, նրանց ճանաչել են հագուստներից: Հոր եւ որդու աճյունները հողին հանձնեցին 3 օր առաջ՝ Գյումրու Շիրակ գերեզմանատանը: Արթուրի քեռու՝ Ստյոպա Սերոբյանի բողոքելով, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանից բացի, ոչ մեկը չի զանգահարել ու չի ցավակցել, ավելին՝ Հայաստանի ո՛չ բարձրաստիճան պաշտոնյաներին, ո՛չ էլ տեղի իշխանություններին բացարձակապես չի հետաքրքրել, թե ինչպես են կազմակերպում հուղարկավորությունը: «Մեզ իրենց ֆինանսը պետք չէ, բայց թող շնորհք ունենային, մի հատ գոնե ցավակցեին, էդ ինչպե՞ս է, որ Վրաստանի դեսպանը Աստծո իր օրը զանգահարում էր քրոջս ձեռքի վրա ու հարցնում՝ ինչի՞ կարիք կա, մերոնք չէի՞ն կարող, թե՞ մարդն այլեւս արժեք չունի էս պետության մեջ: Զարմացած եմ, որ ոչ մեկը չեկավ ոչ մարզպետարանից, ոչ քաղաքապետարանից, առհասարակ ոչ մեկից օգնություն չտեսանք, բացի գեներալ Աստվածատուր Պետրոսյանից՝ արտակարգ իրավիճակների փոխնախարարից, ով իսկապես Աստվածատուր մարդ է, ոչ մի վայրկյան չդադարեցրեց որոնողական աշխատանքները, գիշեր-ցերեկ չքնեց ու ոչինչ չկերավ մինչեւ վերջին դիակի հայտնաբերումը: Գոհ ու շնորհակալ եմ նաեւ նախարար Երիցյանից, այս երկու պաշտոնյաները ինձ շատ ընդառաջեցին, օգնեցին, որ դիակները Նոյեմբերյանից տեղափոխենք Գյումրի, բայց դրանից հետո ոչ մի օգնություն չտեսանք, կարծես ոչինչ էլ չէր եղել»,- վիրավորված էր Ստյոպա Սերոբյանը: Նա հատկապես բորբոքված էր Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի պահվածքից: «Ես տեսա, որ 1 ժամից ավելի տեխնիկան կանգնել է, որոնողական աշխատանքները դադարեցվել էին, մոտեցա իրեն ու հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ տրակտորը չի աշխատում, ինքը դարձավ ու ինձ ասեց՝ պարապ կանգնելու փոխարեն գնա սալյառկա բեր, որ տրակտորը աշխատացնենք. դա ասելու բա՞ն է, իմ վիշտը մեղմելու փոխարեն՝ վիրավորում է, գիտե՞ք քանի անգամ ինձ վիրավորեց հենց նույն օրը»,- դժգոհում էր Ստյոպա Սերոբյանը: Նրա պատմելով՝ իր քրոջ կյանքը փրկել է Այրումի բնակիչներ Գնելի ու Գեւորգի ընտանիքը, որը կնոջն աղետի վայրից անմիջապես տարել ու իրենց տանն է պահել: 62-ամյա քույրը եւս ընտանիքի հետ է եղել, նրանք Գյումրիից՝ եղբոր տանից մեկնել են Վրաստան՝ իրերը Հայաստան տեղափոխելու համար. մտադրված էին բնակվել Գյումրիում: Սակայն ճանապարհին խցանում է եղել, տղամարդիկ ավտոմեքենայից դուրս են եկել՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, իրենցից հետո ճանապարհին նոր մեքենաներ են հայտնվել, կանայք դարձյալ սպասել են, տղամարդիկ առաջ են շարժվել՝ պարզելու կատարվածը: «Քրոջս պատմելով՝ լարեր են կտրվել, ձայներ են եկել, փոշի է բարձրացել, իրենցից հետո կայանած մեքենաների տերերը հետ են եկել, գոռալով՝ փախեք, իսկ իր հարազատները այլեւս չեն վերադարձել»,- պատմում էր Ստյոպա Սերոբյանը: Վերջինս մոլորվել է, թե ինչպես է պահելու ու սփոփելու ընտանիքը կորցրած, դժբախտացած 62-ամյա քրոջը, ո՞վ է այդ տարիքի կնոջն աշխատանք տալու գործազուրկ Գյումրիում:
Նշենք, որ 19-ամյա Արթուրը դպրոցն ավարտել էր Ռուսաստանում, զբաղվում էր ֆուտբոլով, իսկ հայրը, հարազատների բնութագրելով, թեեւ թոշակային տարիքի էր, բայց տան կերակրողն էր, քրտնաջան աշխատում էր: «Միջին ապրող էին, յոլա էին գնում, էլի»,- ասում են հարազատները: