Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հանրությանը քաջածանոթ Մատաղիսի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողներ, այժմ արդեն 26-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում են 2003թ.-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում կատարված մարդասպանության մեջ. սպանվել էին զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանն ու Ռոման Եղիազարյանը: Զավեշտալին այն է, որ այս գործը մեկ անգամ լսվել է Ստեփանակերտում, արդեն 3 տարի է՝ լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որպես կանոն՝ սկսվում է առնվազն 1-2 ժամ ուշացումով, անընդհատ հրավիրվում են նույն վկաները, որոնք ձեւացնում են, թե տարիներ են անցել ու ոչինչ չեն հիշում, ու այսպես մինչեւ օրս չեն կարողանում բացահայտել իսկական հանցագործներին:
Նշենք, որ այս ընթացքում ամբաստանյալներից մեկը՝ Արայիկ Զալյանը, հասցրել է դառնալ իրավապաշտպան, աշխատում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, եւ ինչպես կատակում է լրագրողներից մեկը. «Նա վաղը մյուս օր դատավոր կդառնա, բայց ամբաստանյալի աթոռը չի լքի»: Ինչո՞ւ է չարչրկվում գործը, ե՞րբ կավարտվի այն, փաստաբան Ստեփան Ոսկանյանի պարզաբանումներն ու դատական նիստի լուսաբանումը կարդացեք մեր վաղվա համարում: