Թուրքիայի կառավարության նոր որոշմանը, որով նախատեսվում է Վրաստանի, Իրանի եւ Իրաքի հետ եւս 9 նոր մաքսակետեր բացել, անդրադարձել է Կարսի Serhatin Sesi թերթի լրագրող Թաջեթին Դուրմուշը: News.am-ի մատուցմամբ, լրագրողը նշում է, որ Թուրքիան նոր մաքսակետեր է բացում, սակայն Կարսի նահանգի եւ Հայաստանի միջեւ ընկած Աքյաքայի մաքսակետի բացման մասին խոսք չկա: «Կարսեցիները լուռ մտածում են՝ կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ նման օրինակ: Ղարաբաղի խնդրի պատճառով Թուրքիան եւ Ադրբեջանը փակ են պահում հայ-թուրքական սահմանը՝ պատժելով միայն Կարսին եւ կարսեցիներին: Կարսում եւ հարեւան նահանգներում եկամտի միակ աղբյուրը հանդիսացող անասնապահությունը պետական սխալ քաղաքականության հետեւանքով անկում է ապրում: Պետության կողմից կենդանի անասունների ներմուծման պատճառով ֆերմերները չեն կարողանում վաճառել իրենց անասուններին եւ սկսել են պարտքերի մեջ թաղվել»,- նշում է հոդվածագիրը՝ պնդելով, որ Կարսի ժողովրդին միավորում է Հայաստանի հետ սահմանը վայրկյան առաջ բացելու ցանկությունը:
Թուրք լրագրողը նաեւ ընդգծել է, որ թուրք-հայկական սահմանը միայն կարսեցիների համար է փակ, քանի որ հայաստանցիները կարողանում են Սեւծովյան շրջանով եւ օդային ճանապարհով Թուրքիայի հետ առեւտուր անել. «Փակ սահմանը ստիպում է, որ կարսեցիները ապրեն աղքատության մեջ: Կարսում նույնիսկ վախենում են խոսել հայ-թուրքական սահմանի բացումից»: