Ուրանի երկրաբանական ուսումնասիրությունները Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մատույցներում վերսկսվել են:
Հոկտեմբերի 4-ին «Նրանց Լեռնաձորում չեն սպասում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Լեռնաձորում կրկին երեւացել են ուրան որոնողներ ու խոստացել, որ անցած տարի բացված հորատանցքերը ծածկվելու են, նորերն են հորատվելու: Լեռնաձորցիները զայրացած են՝ այնքան, որ հրաժարվել են անցանկալի հյուրերին վարձով տուն տրամադրել: Անկոչ հյուրերը հեռացել են՝ խոստանալով երկու օրից վերադառնալ:
Եվ ահա վերադարձել են ու տուն վարձել: Լեռնաձորում այս պահին աշխատում են երեք մասնագետներ՝ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարում: Մեզ չհաջողվեց հանդիպել նրանց ոչ գյուղամիջում, ոչ էլ Փուխրուտի եւ այլ հատվածներում, որտեղ աշխատում են նրանք: Ուրան որոնողները խուսափում են լրագրողների հետ հանդիպումից:
Ինչպես եւ անցած տարի, այս տարի էլ ուրան է որոնում «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանի հետ հեռախոսազրույցից պարզեցինք, որ մասնագետները մեկ ամիս երկրաբանական ուսումնասիրություններ են կատարելու: «Դրանք ուղղակի երկրաբանական ուսումնասիրություններ են, նույնիսկ հետախուզական աշխատանքներ չի կարելի դրանք անվանել: Անցած տարվա նախագիծն ենք շարունակում, ուսումնասիրությունները կարվեն նույն տարածքներում: Դեռ տեխնիկա չի աշխատում, բայց առաջիկայում նախատեսվում է տեխնիկա բերել եւ հորատման աշխատանքներ իրականացնել, այդ ժամանակ կավելանա նաեւ աշխատողների թիվը, մոտ 10 մասնագետ կընդգրկվի այդ աշխատանքներում: Էկոլոգիական առումով անվտանգ են, ոչ մի խնդիր չենք առաջացնում, այդ աշխատանքները բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցել են: Այս փուլի համար նախատեսված է այսքանը, մեկամսյա երկրաբանական ուսումնասիրություններից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք ու այդքանով կավարտենք այս տարվա համար նախատեսված աշխատանքները»,- «Առավոտին» ասաց Յուրա Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի դեկտեմբերի 22-ին Լեռնաձորից հեռանալուց առաջ նույն Յուրա Գեւորգյանը ասել էր, որ վեց ամսվա հետախուզական աշխատանքներից հետո ուրանի պաշար չի հայտնաբերվել («Առավոտ», 23.12.2010, «Լեռնաձորում ուրան չկա» https://www.
aravot.am/am/articles/sport/87076/view):
«Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը եւ «Ազատամարտ» կոմիտեն ուրանի ծրագիրը դադարեցնելու նամակ էին գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատասխանը ստացել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Ըստ պատասխան նամակի. «2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր», որպես այդպիսին, դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»:
Լեռնաձորում վերսկսված երկրաբանական աշխատանքները չեն ուրախացրել տեղի բնակիչներին: Գյուղամիջին մեզ հանդիպած բնակիչներից ոմանք այդքան էլ տեղյակ չէին, թե այս պահին ինչ աշխատանքներ են կատարվում, միայն լսել են, որ կրկին ուրան են փնտրելու, որից էլ սկսել են կրկին մտահոգվել ու անհանգստանալ: «Բալա, մենք էս գյուղից ենք, մեր հողն ա, մեր հայրենիքն ա, ինչի են գալիս մեզ վնաս տալիս, քրքրում, որ ուրանը դուրս գա: Բա ժողովուրդը ո՞ւր պիտի գնա. աղքատ մարդիկ են, էս հողով են յոլա գնում: Դուք կուզե՞ք ձեր հիմքը քայքայվի, քանդվի: Ասենք տարեցները՝ հեչ, բա մեր սերունդը, մեր թոռներն ի՞նչ են անելու: Անասուն ենք պահում, հողն ենք մշակում, կովեր, ոչխարներ ենք պահում, հարսներ, թոռներ ունենք էստեղ, ամբողջ գյուղի բնակչությունը էստեղ ա ծնված, ինչի՞ են մեզ քայքայում: Նույնիսկ փող տան, դուրս չենք գա, որ ուրանը դուրս գա, գյուղը քամելու են, ու էն ժամանակ փողը տրապկա ա դառնալու»,- ասում է 80-ամյա Սագինա տատը, ով ուրանի անունը լսելով՝ խուճապի է մատնվում ու սկսում կանխագուշակել գյուղի կործանումը: Տատի համար մխիթարանք չէ տեղեկությունը, թե դեռ ընդամենը որոնողական աշխատանքներ են տարվում: