Դաշնակցությունը սկսել է իր նախընտրական ծրագիրը մշակել ու զիզի-բիզի բաներով իր օրակարգը չի ծանրաբեռնում
2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, բայց Հայաստանում, ինչպես դա սովորաբար լինում է, քաղաքական ուժերը շատ ավելի վաղ՝ մինչեւ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկն են լծվել նախապատրաստական աշխատանքներին: Հայ հեղափոխական դաշնակցությունն այս իմաստով բացառություն չէ: Կուսակցությունը, որ թեեւ ընդամենը վերջերս պնդեց 2010թ. կուսակցության Գերագույն ժողովի բանաձեւում ամրագրված իշխանափոխության գնալու իր մտադրությունը, սկսել է լրջորեն նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե կուսակցությունը զբաղված է մասնավորապես սոցիալական, տնտեսական ոլորտներում օրենսդրական բարեփոխումների նախագծերի մշակմամբ, որ դրանք ներկայացվելու են միջազգային փորձագետների, որոնց համապատասխան եզրակացությունից հետո դրանք ոչ միայն շրջանառության մեջ կդրվեն ԱԺ-ում, այլեւ ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմքում: «Այսօր մենք զբաղված ենք զուտ ծրագրային հարցերով, որպեսզի ժողովրդին ներկայացնելու ծանրակշիռ բան ունենանք, որ ոչ թե ասենք՝ սրանք վատն են, մենք՝ լավը, այլ ներկայացնենք, թե ինչով ենք մենք տարբերվում մյուսներից»: Սեյրանյանի ասելով՝ դրանք զուտ խմբագրական եւ կոսմետիկ առաջարկներ չեն լինելու եւ վերաբերելու են սոցիալական հնչեղություն ունեցող խնդիրներին եւ որոշելու են ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ու քարոզարշավի հիմնական ուղղությունը, որը, նրա ասելով, սոցիալական է լինելու: «Նկատի ունենալով այսօր ժողովրդի սոցիալական վիճակը, բնականաբար, մեր նախընտրական ծրագրում սոցիալական բլոկը շատ ուժեղ կլինի: Կլինեն նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ՝ հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, ուշադրությունից չեն վրիպի նաեւ բանակին առնչվող խնդիրները»,- ասաց Սեյրանյանն ու մանրամասնեց, թե միշտ չէ, որ հասարակությունը կարող է քաղաքական թեմաներով ակտիվություն դրսեւորել, որովհետեւ երբ մարդիկ սոցիալական ահռելի խնդիրներ ունեն, միշտ չէ, որ պատրաստ են ազգային հարցեր քննարկելու:
Ինչպես պարզվեց Սեյրանյանի հետ մեր զրույցից, ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում մտադիր է հանդես գալ, այսպես ասած՝ նոր իմիջով, հիշեցնելով, որ կուսակցությունը ոչ միայն ազգային ու հեղափոխական է, այլեւ ընկերվարական եւ ժողովրդավարական, ինչն ամրագրված է կուսակցության ծրագրում: Առաջիկա ընտրություններում հենց այս վերջինների վրա է ՀՅԴ-ն խաղադրույք դնելու: Ըստ կուսակցության ներկայացուցչի, մեր հասարակությունը ՀՅԴ-ի վերաբերյալ կաղապարված մտածելակերպ ունի՝ համարելով, որ այն հեղափոխական, ազգային կուսակցություն է, նրա գործը պատերազմին մասնակցելն է, ազատագրական շարժումը, ֆիդայականությունը. «Երբ մենք սոցիալական արդարությունից եւ իրավական պետությունից, արդար ընտրություններից ենք խոսում, ասում են՝ դա լավ է, բայց դա ձեր գործը չէ: Ձեր գործը սրանց ջարդել, փշրել, քշելն է: Սա այն է, ինչ շատ ժամանակ սպասում են ՀՅԴ-ից: Լեւոնենք էլ շատ ժամանակ ՀՅԴ-ն կապում են տեռորիզմի հետ, եւ ահա սա է այն կաղապարված մտապատկերը, որ կա ՀՅԴ-ի իմիջի մասին: Դրական է, իհարկե, որ ՀՅԴ-ն ընկալվում է որպես ազգային կուսակցություն, որովհետեւ երբ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների, Հայ դատի եւ Ղարաբաղի մասին, ոչ ոք մեր անկեղծությանը չի կասկածում, չի էլ վիճում, որովհետեւ գիտի, որ մենք ճիշտ ենք, եւ դրա վառ օրինակը հայ-թուրքական արձանագրություններն էին: Բայց որպես սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն՝ ՀՅԴ-ն այդ ընկալումը հասարակության մեջ չունի: Հիմա ՀՅԴ-ն ուզում է ընտրությունների գնալ իր ամբողջ գաղափարական պոտենցիալով. թե՛ ազգային խնդիրներով, թե՛ սոցիալիստական գաղափարախոսությամբ՝ սոցիալական արդարության եւ ժողովրդավարության իր ընկալումներով»:
Սեյրանյանը նորմալ համարեց, որ մայիսին կայանալիք ընտրությունների նախընտրական փուլը ՀՀ-ում, ըստ էության, արդեն մեկնարկել է, բայց մի վերապահում արեց. «Ինձ թվում է՝ այսօր ավելի շատ ընտրություններին նախապատրաստվելու ուղղությամբ փնտրտուք կա, քան բուն նախապատրաստական գործընթաց»: Նա նաեւ կարեւորեց հասարակությանն ակտիվացնելու ուղղությամբ աշխատանքները՝ ՀՅԴ-ի հիմնական անելիքը համարելով յուրաքանչյուր քաղաքացու մինչեւ ընտրությունների օրը հասկանալի դարձնել իր քվեն չմսխելու, անպայմանորեն քվեարկությանը մասնակցելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը. «Մենք այսօր էլ ասում ենք՝ ո՞ւմ եք ուզում ընտրել, Լեւոնի՞ն, Սերժի՞ն, գնացեք եւ քվեարկեք նրանց օգտին, միայն տանը մի մնացեք, որ ձեր քվեն կեղծիքի համար չօգտագործվի, տեր կանգնեք ձեր ընտրական իրավունքին: Մենք սրա վրա ենք շեշտադրում անում, որովհետեւ իրավիճակային կամ ինտրիգային բաներով երկար չես կարող դիմանալ: Ցավոք, հիմա մեր քաղաքական դաշտում ես ավելի շատ ինտրիգներ եմ տեսնում, քան ընտրություններին ծրագրային լուրջ նախապատրաստություններ: Բայց պետք է, չէ՞, գա մի օր, որ ընտրությունները լինեն գաղափարների, ծրագրերի իրական մրցակցություն, ոչ թե անձերի եւ կարգախոսների կամ հայհոյանքի, եւ կամ թե՝ ով ում ավելի մեծ մեղքերի մեջ կմեղադրի: Մենք այսօրվանից պատրաստվում ենք գաղափարական առաջարկների, ծրագրերի մրցակցության»:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրությունների արտահերթ, թե հերթական լինելուն՝ ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, թե կուսակցությունը արտահերթ կամ հերթական չի ասում. «Մենք ասում ենք՝ պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին. այդ առաջիկան կլինի հերթական, թե արտահերթ՝ էական չէ»: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՅԴ-ի «ամբողջական իշխանափոխության պատրաստվելու» մասին հայտարարությունը տարրալուծվեց առաջիկա ընտրությունների նախապատրաստական պրոցեսում: Ս. Սեյրանյանն այսպես արձագանքեց. «Իշխանափոխությունը ո՞նց է արվում. ընտրությունների միջոցով: Բոլոր նրանց, ովքեր ասում էին՝ Դաշնակցությունը կեղծ ընդդիմություն է, արտահերթ չի պահանջում եւ այլն, ես ասում եմ՝ արտահերթ պահանջողները հիմա ինչի՞ են նախապատրաստվում՝ արտահերթի՞, թե՞ հերթականի: Իրենք ասում էին արտահերթ՝ շատ լավ իմանալով, որ արտահերթը ցանկությունով չի լինում: Եթե իշխանությունն էլ ուզենա արտահերթ անել՝ այս երկրում Սահմանադրություն կա, որը որոշակի ընթացակարգ է ենթադրում: Իրար հետ երկխոսելով հո այդ երկրի օրենքները չե՞ն շրջանցելու: Այդ պահանջով այդ մարդիկ իրենց համախոհներին են խաբում, մենք մեր համախոհներին չենք խաբելու: Մենք Գերագույն ժողով ենք արել 2010-ի հունիսին, որի բանաձեւով ՀՅԴ-ն պատրաստվում է ամբողջական իշխանափոխության: Այդ օրվանից մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ բովանդակության վրա: Մյուսները հիմա միտինգ են անում, արտահերթ են գոռում, ինչ են անում՝ ինձ հեչ հետաքրքիր չէ: Ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ոչ թե քաղաքի կենտրոնում գրական գեղարվեստական հանդեսներ կազմակերպելով: Հիմա թե հասարակությունն ինչպես կընդունի մեզ, գաղափարնե՞րը կնախընտրի, թե՞ բաժակաճառերը՝ այլ խնդիր է: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե մենք ունենանք ոչ թե 70, այլ 10 տոկոս»:
Կարծում եք՝ ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում այդքան քվե կստանա՞:
«Վստահ եմ: Նախ ՀՅԴ-ն իր հստակ էլեկտորատն ունի, բացի այդ՝ չեմ կարծում, որ մեր երկրում ազգային մտածելակերպ ունեցող , արդարություն, օրենք հարգող մարդիկ այնքան քիչ են, որ Դաշնակցությունն էլեկտորատ չի ունենալու», – համոզմունք հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը: