Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԸ ԿՍԱՏԱՐԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 19,2011 00:00

\"\"Նա հիասթափված է նախկին կուսակիցների ամբիցիաներից

«Ես նրանց ու նրա հետ եմ, ովքեր առաջնորդվում են ժողովրդին ծառայելու, նրա հոգսը  թեթեւացնելու, մինչեւ վերջ մարդ մնալու ցանկությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ասաց նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին հավակնելու է պատգամավորական մանդատի՝ մեծամասնական ընտրակարգով: Իսկ իր բնորոշումները, ըստ մեր զրուցակցի, հարմար են գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «Ես նրանց հետ եմ, ովքեր հետեւողականորեն կշարունակեն ամրապնդել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ավանդական կապերը, իհարկե՝ աչքաթող չանելով նախկին հանրապետությունների ժողովուրդներին, որոնց հետ ունեցած ամենասերտ կապերի շնորհիվ էր Հայաստանը հասել աշխարհի զարմանքին վայել զարգացման ու բարգավաճման»: ԲՀԿ ղեկավարին ուղղված իր գնահատականներում չափազանց շռայլ է՝ վերջինիս տալով «քաղաքական, պետական, հասարակական, կուսակցական, ինչու չէ՝ նաեւ ազգային գործիչ» պիտակումները: Կոմունիստ Խորեն Սարգսյանին հատկապես դուր է եկել Ծառուկյանի հետեւողականությունը. «Նրա անմիջական ջանքերի շնորհիվ մեր համեստ հնարավորություններով երկրի մարզիկները հասան արտասովոր հաջողությունների: Նախկինում որոշ հայտնի մարզիկներ նույնիսկ չվերադարձան միջազգային մրցումներից՝ մտածելով, որ իրենց հետագա հաջողություններն անհնարին է ձեւակերպել հայրենիքում: Այսօր պատկերը փոխվել է, եւ մենք բոլորս հպարտանում ենք հայրենիքը ներկայացնող մեր մարզիկներով, որոնց շարքերում քիչ չեն աշխարհի չեմպիոնները եւ նրանց հավասար հավակնորդները»: Իր ընտրությունը մեր զրուցակիցը նաեւ այսպես է հիմնավորում. «Նրան հավատում են ունկնդիրները, իսկ ես ընդամենն այդ հավատացողներից մեկն եմ եւ քաղաքական գործչի իմ համեստ ընդունակություններով ու հնարավորություններով իմ պարտքն եմ համարում սատարել «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժին»: Հարցին՝ ինչո՞ւ չի փորձում իր քաղաքական մոտեցումները եւ պատկերացումները կյանքի կոչել իր նախկին կուսակիցների հետ, Թռչունիչը ասաց, որ ինքն ամեն կերպ փորձել է եւ ամեն ինչ արել է կայացնելու համար կոմկուսների միավորումը, բայց՝ «էդ միավորումն էդպես էլ չի կայանում, ոչ ոք չի ուզում ցած դնել իր ամբիցիաները»: Մի խոսքով, չարենցյան մերօրյա բալլադ՝ «Դիմել էր մուժիկն ուրիշի, ասել էին՝ չիք, դե նա էլ դիմել էր Իլյիչին»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր ընտրության համատեքստում Խորեն Սարգսյանին չի՞ կաշկանդում այն, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հավակնություններ է դրսեւորում մեծ քաղաքականություն վերադառնալու եւ մրցասպարեզ մտնելու ՀՀ առաջին ու երրորդ նախագահների հետ, իսկ ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, Քոչարյանի ծնած եւ սնած քաղաքական ուժն է: «Ժողովուրդն ամենաիմաց է, հետեւենք նրա իմաստությանր. եթե մարդ իրեն չխայտառակի, ոչ ոք չի կարող խայտառակել նրան: Ժողովուրդր ոչ միայն ընտրում է, այլեւ խայտառակում»,- բազմանշանակ պատասխանեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, այս ընթացքում Խորեն Թռչունիչը շարունակել է իր այցելությունները մարզեր: Նրա տպավորությամբ՝ մարդիկ մտահոգված են երկրի անվտանգությամբ եւ ուրախ են, որ «իշխանությունները Ոուսաստանի, ռուս մեծ ժողովրդի հետ համագործակցությունը խորացնում են՝ ցանկանալով վերահաստատել նախկին եղբայրական բարեկամությունը»: Թռչունիչը իր եւ իր համախոհների անունից գոհունակություն է հայտնում այն փաստից, որ ՀՀ անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին մասնակցեցին նաեւ «մեծ Ոուսաստանի սահմանապահ գնդի ռազմիկները՝ ում որ հարկն է հասկացնելով, որ հայ ժողովրդի անվտանգությանը ոչինչ չի սպառնում»: Ավելին, զորահանդեսին ռուսական գնդի մասնակցության առիթով եղած ընդդիմախոսությունները նա անվանում է «աքլորային դրսեւորումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել