NEW
Նրանք առաջարկություններով ստորագրությունները հանձնեցին ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին
Այսօր աղանդները այնքան են բազմացել ու ակտիվացել, որ Առաքելական եկեղեցու երիտասարդները ստիպված են համախմբվել իրենց մեծամասնականությունը ապացուցելու համար, իսկ իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար «հատուկ միջոցների» դիմել:
Քայքայիչ կրոնական կազմակերպությունների դեմն առնելու համար` երիտասարդները օրենքների փոփոխությունների պիտի հասնեն:
Անցած մի քանի ամիսների ընթաքում ՀՀ տարածքում գործող եկեղեցիներում երիտասարդները ստորագրահավաք են անցկացրել, որի վերջնական արդյունքում պարզվել է, որ 35000 մարդ ասել է. «ոչ՝ հոգեորսությանը, ոչ` որդեսպանությանը, ոչ` զոմբիացմանը, այո` միասնականությանը, այո` Հայ առաքելական եկեղեցուն, այո` ազգային անվտանգությանը»:
Օրերս էլ այդ մի խումբ երիտասարդները 35000 ստորագրություններով փաստաթղթերի արկղերը հանձնեցին ՀՀ ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին:
Ըստ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միության անդամ Հեղինե Մարգարյանի՝ ստորագրություններին կից տեքստում քաղաքացիները պահանջում են` 1. Օրենքով` իրավաբանորեն ամրագրել, թե ինչ է հոգեորսությունը: 2. ՀՀ համապատասխան օրենքում ամրագրել` թե ինչ պատիժ է հասնում հոգեորսությամբ զբաղվողներին: 3. Հատուկ օրենք հաստատել, որը նախակրթական եւ կրթական բոլոր հաստատություններում կարգելի այլ կրոնական կազմակերպությունների անդամների աշխատանքը՝ որպես Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ:
4. «ՀՀ եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել` սահմանել եկեղեցու տարածքի եզրույթը եւ արգելել աղանդների կամ այ դավանաբանական գաղափարախոսությունների քարոզչությունը եկեղեցու տարածքում»: Հիշեցնենք, որ քաղաքացիների բողոքի ալիքը բարձրացավ հենց այն դեպքից հետո, որի ժամանակ Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում «Եհովայի վկաները» սպառնացին, իսկ հետո նաեւ հարձակվեցին Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականի վրա: Այդ դեպքից հետո «Եհովայի վկաները» կոնֆլիկտ են ունեցել նաեւ Փարաքար գյուղի հոգեւորականների հետ: