Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԻՉԻՆ «ՓՈՒՌԸ» ՏՎԻՆ

Հոկտեմբեր 19,2011 00:00

\"\"10 ժամվա գործն ավարտվեց «իշխանության չարաշահումով»

2010 թ. օգոստոսի 1-ին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ռ. Ամիրխանյանի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գեորգի Մելիքյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, ոստիկանության տեսուչը անցյալ տարվա հունիսի 19-ին ԱՄՆ քաղաքացի Էդգար Մնացականյանի, Դավիթ Քրիստոստուրյանի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց վիճաբանելու, ծեծկռտուքի եւ խուլիգանական գործողություններով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաեւ ոստիկանության Կենտրոնական բաժնին կից ՊՊՎ բաժնի ոստիկան Սամվել Գեւորգյանի կողմից հիշյալ խուլիգանական գործողությունները կանխելու ժամանակ նրա մոտ ապօրինի պահվող գազային ատրճանակից կրակելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական դիրքը: Նշենք, որ հետաքննիչի վարույթում գործը գտնվել է 10 ժամ, եւ նա ավարտված համարելով վերոնշյալ հանցագործության հետաքննությունը, այն ուղարկել է քննչական վարչություն:
Ի դեպ, Գ. Մելիքյանն այդ 10 ժամվա ընթացքում պարզեց, որ կասկածյալներից մեկը ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի ազգականն է, ու ըստ նրա, այդտեղից էլ սկսվեց իր դեմ «բացահայտված» գործը:
Կասկածյալների գործը կարճվել է, մինչդեռ կատարվածի համար նրանցից յուրաքանչյուրին սպառնում էր մինչեւ 7 տարվա ազատազրկում:
Այս տարվա հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննության առնելով ոստիկանության ավագ տեսուչի քրեական գործը, նրան մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի՝ 250. 000 ՀՀ դրամ գումարի չափով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մարտի 28-ի որոշումով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ եւ Գ. Մելիքյանի վերաքննիչ բողոքը մերժեց: Մայիսի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվեց, ինչը, ըստ ոստիկանության տեսուչի, փորձ էր «կոծկել նախաքննության եւ դատաքննության ընթացքում քննիչի եւ դատավորների բացահայտ ապօրինություները»: 
Գ. Մելիքյանի պնդմամբ, «Դատարանները անտեսել են նախաքննության ընթացքում ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ռ. Ամիրխանյանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտումները եւ ապօրինությունները, այն է՝ քննիչ Ռ. Ամիրխանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական գործի նյութերով նոր գործ հարուցելու եւ քրեական գործերը միացնելու մասին որոշումը կայացրել է 29.07.2010թ.-ին, որի համար ինձ մեղադրանք է առաջադրել օգոստոսի 1-ին: Հուլիսի 29-ի թվագրումով քննիչ Ռ. Ամիրխանյանի որոշումը հետին թվագրումով է կցված քրեական գործի նյութերին, եւ քրեական գործում հայտնվել է 2010թ. օգոստոսի 1-ին, այն բանից հետո, երբ հուլիսի 31-ին, որպես իմ շահերի պաշտպաններ, Է. Չինարյանը եւ Կ. Քամալյանը Ռ. Ամիրխանյանից պահանջեցին տրամադրել իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Վերջինս չունենալով, պաշտպաններին հանձնեց Կենտրոնի քննչական բաժնի կողմից խուլիգանության փաստով հարուցված որոշումը: Այդուհանդերձ, քննիչը առանց այդ քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու եւ առանձին վարույթում առանձնացնելու ու դրան առանձին համար շնորհելու, հարուցված քրեական գործի մասին որպես դեպք հաղորդում տալու եւ հաշվառելու ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում, համարելով, որ այն անմիջականորեն առնչվում է խուլիգանության դեպքի հետ եւ պետք է միեւնույն անձանց մեջ կատարվեն քննչական եւ դատավարական գործողություններ, քրեական գործերը ապօրինի միացրել է մեկ վարույթում»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի թիվ 6/15-4639 գրության համաձայն, այդ կապակցությամբ քննիչը տեսուչի վերաբերյալ ուղարկել է լրացուցիչ ձեւ 1, 1.1 եւ 2 քարտերը: ՀՀ գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի, 2002թ. մայիսի 27-ի թվագրումով «Հանցագործությունների միասնական հաշվառման կարգի մասին հրահանգը կատարելու մասին» թիվ 11/251 համատեղ հրամանի 6.1 կետի պահանջներից պարզ երեւում է, որ լրացուցիչ 1 ձեւի վիճակագրական քարտը լրացվում եւ Ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվում այդ հանցագործության համար անձին մեղադրանք առաջադրելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Գ. Մելիքյանը գտնում է, որ քննիչը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ 1 ձեւի վիճակագրական քարտը ԻԿ չի ուղարկել, իսկ ուղարկելուց էլ կարող էր միայն 01.08.2010թ. ամսաթվով, այն էլ՝ թիվ 13130410 քրեական գործով որպես խուլիգանության կատարմանը մասնակցելուն հանցակցելու կամ հանցագործության կրկնակիության առկայության պատճառաբանությամբ: Հետեւաբար, ըստ նրա էլ, այդ որոշումը հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, որը չունի համար, հաշվառված չէ ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնում, ուստի «որպես տպագրված թուղթ հանդիսանում է դատավարական ապօրինությունը ուղղելու միջոց՝ կեղծիքի ճանապարհով, իսկ դատարանները, իրավաբանական տրամաբանությանը հակասող պատճառաբանություններով կոծկել են Ռ. Ամիրխանյանի կողմից կատարվածը՝ այն չարժանացնելով իրավաբանական գնահատականի, դրանով իսկ դրդում են յուրաքանչյուր քննիչի եւ դատավորի հանցագործության՝ պաշտոնեական լիազորությունները հակառակ ծառայության շահերին օգտագործելուն»:
Գ. Մելիքյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ քրեական գործով դեռեւս իր կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում ակնհայտ հիմնավորված դեպքին մասնակից անձին, բարձրաստիճան մի պաշտոնյայի բարեկամին՝ Ռ. Մելիքյանին, քրեական գործից հանելու եւ քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու միտումը եղել է այն, որ իր դեմ եղել են շահագրգիռ կողմեր, մասնավորապես՝ հանձին քննիչի:
«Նման «մարտավարություն» որդեգրելով, Ռ. Ամիրխանյանը փաստորեն դրդել է վերջիններիս իմ դեմ տալ կեղծ ցուցմունքներ եւ այդ կերպ ամրապնդել ինձ առաջադրված մեղադրանքը, իսկ փոխարենը Ռ. Մելիքյանի եւ Ս. Գեւորգյանի մասով քրեական գործով վարույթը կարճել է, իսկ Դ. Քրիստոստուրյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3-րդ մասի 1-ին կետի փոխարեն: Տեղին է ասել. «Մի ասեք իմ մասին սուտը, ես չեմ ասի Ձեր մասին ճշմարտությունը»,- հավելում է ոստիկանության ավագ տեսուչը:
Ըստ «Առավոտի», տեսուչը թաքցրել էր խուլիգանության եւ կրակելու դեպքը:
Գ. Մելիքյանն այդ կապակցությամբ ասում է. «Ես ոչ թե թաքցրել եմ խուլիգանության եւ կրակելու դեպքը, այլ, որ նյութերն իմ վարույթում մնալով ընդամենը 10 ժամ, սկզբից նախապատրաստել եմ որպես «մարմնական վնասվածք», այնուհետեւ հետաքննության ընթացքում հիմնավորել եմ խուլիգանության դեպքի առկայությունը եւ ապօրինի գազային ատրճանակից կրակելու փաստը, որից հետո ինքս որոշում եմ կայացրել եւ նյութերն ուղարկել եմ նախաքննության Կենտրոնի քննչական բաժին: Հետեւաբար, ինչում է դրսեւորվել իմ կողմից պաշտոնեական լիազորությունները հակառակ ծառայության շահերին օգտագործելը: Ավելին, եթե ես ցանկացել եմ թաքցնել խուլիգանության դեպքը եւ կրակոցի փաստը, ինչու եմ այն հիմնավորել, եթե նպատակ եմ ունեցել Է. Մնացականյանի մասնակցությունը կոծկել, ինչու եմ նյութերը ուղարկել քննչական բաժին, դրանով իսկ հիմքեր ստեղծել Դ. Քրիստոստուրյանին եւ Ռ. Մելիքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, առավել եւս, որ քննիչ Է. Աղայանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործը հարուցել է իմ կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա»
Տեսուչը ասում է, որ «Ռ. Մելիքյանը, Դ. Քրիստոստուրյանը, այնպես էլ Հ. Համբարձումյանը եւ Ս. Գեւորգյանը նշել են, որ իրենք ինձ չեն դիմել, չեն խնդրել օգնել իրենց, թե ինչ շահ եմ ունեցել՝ չգիտեն, հետեւաբար նրանց դիրքորոշումը, թե իբրեւ Դ. Քրիստոստուրյանին, Ռ. Մելիքյանին եւ Է. Մնացականյանին ես օգնել եմ, նրանց համար «լավ լինելու» համար եմ չարաշահել իմ պաշտոնեական դիրքը՝ չի կարող տեղավորվել իրավաբանության մեջ ընդունված տրամաբանության սահմաններում, իսկ պնդումները իմ դիտավորության վերաբերյալ՝ մտացածին են եւ չհիմնավորված»:
Նշենք, որ այս գործով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Ռեհանյանի կողմից թույլ տրված ապօրինության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ Արդարադատության խորհուրդ, որը նույնպես դրսեւորելով հանցավոր անտարբերություն եւ կոծկելով թույլ տված բացահայտ ապօրինությունները՝ մերժել է կարգապահական վարույթ հարուցելու պահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել