Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ԵՆ

Հոկտեմբեր 19,2011 00:00

«Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ պաշտոնական գերատեսչությունները, որոնք պատասխանատու են Սեւանի եւ նրա էկոհամակարգի պահպանման համար, այնքան են հոգնել լճի խնդիրներից, որ արդեն ուշադրություն չեն դարձնում նույնիսկ ամենածանր ահազանգերին եւ տագնապներին»,- երեկ «Արմինֆոյի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա նշել է, որ Սեւանի ափամերձ տարածքում աշխատում է ավելի քան 20 ձեռնարկություն, որոնց թվում են ասֆալտի գործարանը եւ Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտների մանրացման եւ դասակարգման «Գեղամետ-պլյուս» գործարանը:
«Միայն «Գեղամետի» գործունեության արդյունքում լիճն է լցվում քրոմ պարունակող փոշի: Սակայն մեծ փողերի դեմ պայքարելը շատ դժվար է: Մեր պաշտոնյաները, նույնիսկ՝ ամենաբարձրաստիճան, մտադիր չեն կատարել իրենց սեփական առաքելությունը: Իսկ դա ինքնըստինքյան նշանակում է Սեւանի կործանում», – ասել է տիկին Զարաֆյանը: Նա նշել է, որ արդեն առաջին տարին չէ, որ էկոլոգներն իշխանությունների  ուշադրությունն են հրավիրում Սեւանի ջրի մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում լճի ափերի մաքրման աշխատանքների ցածր որակին. «Ջրի տակ անցած ծառերն ու թփերն արմատախիլ անելու նպատակով թանկարժեք սարքավորում է բերվել Ֆինլանդիայից, սակայն դա էլ իրավիճակը չի փրկի: Այդ մեքենան աշխատում է միայն այն տեղամասերում, որոնք օլիգարխների կամ իշխանավորների ամառանոցների մերձակայքում են: Հեռու գտնվող տարածքներում, օրինակ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, գործնականում ոչինչ չի արվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել