Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակն ու Մեղրին եկող տարի գազ կունենան

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

Սյունիքի մարզի մոտ 5000-ական բնակչություն ունեցող Ագարակ ու Մեղրի քաղաքներն այս տարի եւս կջեռուցվեն էլեկտրաէներգիայով եւ  վառելափայտով: Առաջին տարին չէ, որ մարզի այս քաղաքների բնակիչները տարվա ցուրտ ամիսներին կա’մ հոսանքով են տաքացնում տները, կա’մ էլ` վառելափայտով: Ագարակում տեղակայված զորամասն էլ երկար տարիներ շարունակ ջեռուցվում էր մազութով, որը բնապահպանական մեծ խնդիրներ էր առաջացնում տարածաշրջանի համար:
Մեղրու տարածաշրջանով անցնող Իրան-Հայաստան գազատարի գործարկումից հետո մեղրեցիներն ու ագարակցիները սկսեցին հուսալ, որ իրենց քաղաքների գազիֆիկացման գործընթացը չի ուշանա, իսկ համայնքների ղեկավարներն էլ շարունակում էին մարզխորհրդի նիստերի եւ այլ միջոցառումների ժամանակ պարբերաբար բարձրաձայնել խնդրի մասին: Եկող տարվա համար,  հուրախություն բնակիչների, արդեն աշխատանքներ են տարվում գազիֆիկացում ապահովելու նպատակով: «Մեղրին 2012-ին արդեն գազ կունենա, նախագծանախահաշվային աշխատանքները կատարված են:  Ոչ միայն Մեղրին եւ Լեհվազ գյուղը, այլ նաեւ տարածաշրջանի մյուս գյուղերն էլ առավել չափով կգազիֆիկացվեն, նախագծերն արվել են նաեւ այդ գյուղերի համար:  Քաղաքի դպրոցներից մեկն ուներ կաթսայատուն, ձմռան ամիսներին այդպես էր ջեռուցումն իրականացվում, իսկ մանկապարտեզն ու մյուս դպրոցը` հոսանքով», – «Առավոտի» հետ զրույցում ասաց Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
450 տնտեսություն ունեցող Ագարակ քաղաքի համար եւս նախագծանախահաշվային աշխատանքները վերջնական փուլում են: «Շուտով կավարտվեն այդ աշխատանքները, եւ կարծում եմ՝ ջեռուցման սեզոնի վերջին շրջանում արդեն գազ կունենանք: Ագարակի զորամասն արդեն ամբողջությամբ  գազիֆիկացված է ՊՆ աջակցությամբ, նախկինում մազութով կամ հոսանքով էր տաքացվում:  Խորհրդային միության ժամանակներից մինչեւ օրս քաղաքն այս եղանակով է ջեռուցվում», –  տեղեկացնում է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել