Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՊՀ) պուրակում երեկ բացվեց քանդակագործ Դինո Դե Ռանիերի հողինակած Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին՝ Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայությամբ: Իտալիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը բարձր գնահատելով ԵրՃՇՊՀ-ի հետ 20 տարվա համագործակցությունը՝ համալսարանի 90-ամյակի տարեդարձին նվիրեց Լ. դա Վինչիի կիսանդրին՝ ի նշան երախտագիտության եւ բարեկամության:
«Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կազմակերպում է ամենամյա մրցույթ-ստուգատեսներ եւ «կլոր-սեղաններ»: ԵրՃՇՊՀ-ի կողմից վերջին տարիների ընթացքում ավելի քան 100 ուսանող է մասնակցել միջազգային նշանակության այդ միջոցառումներին, քանի որ համալսարանը կարեւորում է Իտալիայի ճարտարապետական դպրոցների հետ համագործակցությունը եւ բարձր է գնահատում «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի ներդրումը ուսանողների աշխարհընկալման զարգացման գործում: Ճարտարապետության որորտում 2011թ. հոկտեմբերը հոբելյանական է: Ճարտարապետության կրթության աջակցության միջազգային հասարակական կազմակերպության որոշմամբ՝ հոկտեմբերի 16-23-ը ԵրՃՇՊՀ-ի 90-ամյակի շրջանակներում բացվեց «Ճարտարապետության եւ դիզայնի դիպլոմային աշխատանքների» մրցույթ-ստուգատեսը: Մրցույթին մասնակցում են 12 երկրների 61 ճարտարապետական դպրոցներ, որոնք կներկայացնեն բակալավրների ու մագիստրոսների դիպլոմային 600-ից ավելի աշխատանք: Ինչպես նշեց ԵրՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, միջազգային այդ մրցույթը կարեւոր նշանակություն ունի ճարտարապետության եւ դիզայնի ոլորտների փորձի փոխանակման եւ զարգացման համար: «Մասնակից երկրներից յուրաքանչյուրը յուրովի կհարստացնի մասնակից երկրների ճարտարապետական միտքը»,- հավելեց ռեկտորը: