Սերգեյ Դանիելյանի մոնոներկայացման պրեմիերան
Օրերս Կամերային թատրոնում սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ») հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Խանգարող հանգամանք» մոնոներկայացումը: Լավ էր, որ Կամերայինի դահլիճն էր ընտրված, քանի որ այդպես ավելի մտերմիկ միջավայր էր ստացվել, ի վերջո՝ դերասանը բարձրաձայն մտածում էր կամ իր դիտարկումները ներկայացնում իրեն անչափ մտերիմ համարող հանդիսատեսին՝ այս կամ այն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ: Ներկայացումը բոլորի ու ամեն ինչի մասին էր՝ սկսած առնացի «խանգարող հանգամանքից», վերջացրած համազգային բարդույթներով: Մինչ ներկայացումը սկսելը «Յոժը» խնդրեց անջատել բջջայինները: «Որովհետեւ ես այս ներկայացմանը պատրաստվել եմ 3 ամիս, եթե ձեր հեռախոսները զանգեն, ես կներվայնանամ, լավ չեմ խաղա, հետո կասեք՝ էս ինչ ապուշ ներկայացում ենք եկել»,- կես կատակ-կես լուրջ ասաց նա: Ս. Դանիելյանի նախորդ ներկայացումը, որ կոչվում էր «Ինչպես ես դարձա տղամարդ», կին-տղամարդ հարաբերությունների մասին էր ու ավելի շատ՝ կանանց, ու քանի որ, ինչպես նշեց արտիստը, նախորդ անգամ չի հասցրել հանգամանալից խոսել տղամարդկանց մասին ու հիմա որոշել է դա անել «Խանգարող հանգամանքում»:
«Յոժը» քաղաքականությամբ չի զբաղվում, բայց սիրում է քաղաքական գործիչներին, վերջերս հարստացածներին անդրադառնալ իր ներկայացումներում: Նրա փաստմամբ, հասարակությունը կատարյալ չէ, իշխանությունները՝ առավել եւս, որովհետեւ բոլորին խանգարում են իրենց անցյալը եւ «սխալ» մանկությունը. ո՞նց կարող են իշխանավորն ու նորօրյա հարուստը կարգին մարդ լինել, եթե, «Յոժի» խոսքով, մանկության տարիներին «պրոբլեմատիկ երեխա են եղել». օրինակ, թույլ չեն տվել ելակ ուտել, որովհետեւ դա մուրաբայի համար է նախատեսված եղել՝ խորհրդային տարիներին այդպես էր: Կամ գուցե մանկական տարիքում վախեցրել են՝ «քարի մեջ արյուն կա», խաղալիս պատուհանից բացականչել են՝ «Գագու-լի~իիիիիիիիիիիիիիիիիիկ, արի տուն, Վարդա-նի~իիիիիիիիիիիիիիկ, դասերդ արա, որ գնանք մորքուրենց տուն»: Սերգեյ Դանիելյանն ասում է, որ ինքը հրաժարվում է այն արմատներից, որոնք խանգարող հանգամանք են նորմալ ապրելու համար: Ըստ նրա, ամեն հանգամանք հաղթահարել է, բացի ՄԵԿԻՑ, որը մշտապես տղամարդու հետ է՝ բիլիարդ խաղալիս ու գարեջուր խմելիս, բայց նրան չի ենթակվում, նրա բանականության հետ միշտ անհաշտ է: Ս. Դանիելյանը ըմբոստ է, չկաղապարվող, ո՛չ ծախու, դա բացառիկ շնորհ է մեր օրերում: Ճիշտ է, ըստ իս, «Խանգարող հանգամանքը» «Յոժի» նախորդ ՝ ներկայացումների համեմատությամբ, մի քիչ թույլ էր, բայց կարեւորը՝ անկեղծ էր: Դա կաշառում է հանդիսատեսին: Ի դեպ, ներկայացման ավարտին բուռն ծափահարություններ հնչեցին, հանդիսատեսն էլ հեռացավ դրական լիցքերով, իսկ «Յոժի» Ֆեյսբուքյան էջում շնորհակալական խոսքեր էին այն «մասով», որ ներկայացումը օգտակար է հատկապես երիտասարդ ծնողներին, որպեսզի նրանք չկրկնեն իրենց ծնողների սխալները եւ անհեթեթ դաստիարակչական մեթոդներով ու վարքագծով տրավմաներ հասցնեն սեփական երեխաներին: