Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԵՔՍՊԻՐ, ԴՈՆԵԼԱՆ ԵՎ ՌՈՒՍՆԵՐ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոնը օրերս բացվեց Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի եւ Լոնդոնի  Cheek by Jowl համատեղ նախագծով՝ Դեկլան Դոնելանի «12-րդ գիշեր» ներկայացմամբ՝ ըստ Շեքսպիրի: Ինչպես շեքսպիրյան ժամանակաշրջանում, այս ներկայացման մեջ էլ թե կանացի եւ  թե տղամարդու դերերը  կատարում էին  տղամարդիկ: Շեքսպիրյան գործը այլ մեկնաբանություն էր ստացել. տվյալ պարագայում չափից շատ ռուսականացված էր, ավարտն էլ մի տեսակ նովելային էր:
Անգլիական  «Ինդիփենդենթը» մի առիթով գրել է, թե Cheek by Jowl-ը ազգային հարստություն է համարվում միաժամանակ Անգլիայում եւ Ռուսաստանում:
1986-ին թատրոնի գեղարվեստական ղեկավարներ Դեկլան Դոնելանն ու Նիկ Օմերոդը Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկականի տնօրեն Լեւ Դուդինի հրավերով այցելում են Ռուսաստան եւ Սանկտ Պետերբուրգում դիտում նրա թատերախմբի ներկայացումը: Երկու թատրոնների հարաբերություններն այնքան են սերտանում, որ ղեկավարները որոշում են համատեղ հանդես գալ միջազգային փառատոներին: 1997-ին Սանկտ Պետերբուրգի դրամատիկ թատրոնում՝ Դոնելանի ու Նիկ Օմերոդի բեմադրած «Ձմեռային հեքիաթ» ներկայացումը արժանանում է «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակի: Հետագայում Չեխովյան փառատոնի հիմնադիր  Վալերի Շադրինը առաջարկեց անգլիացի ռեժիսորներին Մոսկվայում թատերախումբ կազմավորել նաեւ ռուս արտիստներից, որը ներկայումս հաջողությամբ հանդես է գալիս տարբեր բեմերում: Պուշկինի «Բորիս Գոդունովը», Շեքսպիրի «12-րդ գիշերը», Չեխովի «Երեք քույրը»՝ այդ թատերախմբի այցեքարտն են: Նշենք, որ Դեկլան Դոնելանն ու Նիկ Օմերոդը 2003-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացրել են նաեւ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի սեփական մեկնաբանությունը, որը բուռն ընդունելության է արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել