Փառատոն, որին աջակցում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը
Հոկտեմբերի 14-ից, արդեն երրորդ անգամ, մեկնարկել է «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնը: Փառատոնը բացվեց ավանդույթ դարձած ինքնատիպ բնապահպանական շքերթով. 500-ից ավելի երեխաներ Երեւանի տարբեր կրթօջախներից կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով Ազատության հրապարակից դուրս եկան երթի: Նրանց երթը շարունակվեց Հյուսիսային պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ, անցավ Նալբանդյան փողոցով եւ կանգ առավ Շարլ Ազնավուրի հրապարակում: Երեխաների հագուստները պատրաստված էին աղբի թափոններից եւ ցուցադրում էին ոչ միայն երեխաների վառ երեւակայությունը, այլեւ յուրովի կոչ էին անում դրսեւորել բնապահպանական առողջ վարքագիծ: Դիմակահանդես-շքերթը գլխավորում էին Գերմանիայի Բրեմեն քաղաքից «Արեւորդուն» հյուր եկած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտները, ովքեր իրենց ուրախ ռիթմերով բոլորին հրավիրում էին միանալու բնության պաշտպանությանը: Դիմակահանդես-շքերթին պատանիներն ու երիտասարդները մասնակցում էին նաեւ հատուկ պաստառներով, որոնց վրա գրված էին կոչեր` ի պաշտպանություն բնության: «Արեւորդի» փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում՝ ֆրանսիացի հայտնի վավերագիր Պատրիկ Ռուսելի GREEN ֆիլմով:
Բացման արարողությունից անմիջապես հետո, Շարլ Ազնավուրի հրապարակում կրկին բացօթյա համերգ էր: Այս անգամ ի պաշտպանություն վայրի բնության, «Արեւորդի» փառատոնի շրջանակներում համերգային ծրագրով ներկայացավ «Բամբիռ» ռոք խումբը: Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի գլխավոր աջակիցն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Հավելենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին World Lend Trust բնապահպանական միջազգային կազմակերպության եւ «Արեւորդի» փառատոնի կողմից շնորհվեց «Բնապահպանական պատվոգիր-2011»՝ Հայաստանի բնական հարստության պահպանման գործում ունեցած զգալի ավանդի համար:
Հոկտեմբերի 14-18-ը անցկացվող «Արեւորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում Հայաստանում է ֆրանսիացի ռեժիսոր Պատրիկ Ռուսելը, ով երեկ հյուրընկալվել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նրա «Green» ֆիլմը աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ մրցանակների է արժանացել:
«Առավոտը» զրուցեց առաջին անգամ Հայաստանում գտնվող ռեժիսորի հետ: Պ. Ռուսելը բնապահպանական ֆիլմեր սկսել է նկարահանել 2004 թվականից, իսկ «Green»-ը բնապահպանական ֆիլմերից վերջինն է, որի վրա աշխատել է մեկ տարի: Մինչ այդ նկարահանել է «Tears of wood», «Losing Tomorrow», «The Cathedral Forest» ֆիլմերը: Անկեղծանում է, բնապահպանական ֆիլմեր նկարահանելն իր դժվարություններն ունի, օրինակ, երբ Ինդոնեզիայում սկսեց նկարահանումները, մտավախություն ուներ, թե ծառահատները կարգելեն սեփական բիզնեսը խանգարողին:
Վերջինս Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին դեռեւս տեղյակ չէ, բայց ենթադրում է, որ ինչպես ամեն երկրում, Հայաստանում էլ վայրի բնությունը ոչնչանում է մարդու գործունեության արդյունքում. «Արջերը, եղնիկները եւ շատ այլ կենդանիներ, որ կան Հայաստանում, ֆանտաստիկ են եւ տխուր է տեսնել, որ ձեր երկրում էլ են այդ կենդանիները ոչնչացվում»: «Green»-ը ֆրանսիացի ռեժիսորը արտադրել է առանց որեւէ պետական աջակցության կամ հովանավորների, օգտագործել է սեփական տեսախցիկը եւ փոքր բյուջեով կարողացել իրականացնել նպատակը: «Միշտ չէ, որ ֆիլմը նկարում ես եւ վստահ ես, որ այն գումար կբերի քեզ: Բնապահպանական ֆիլմերը Ֆրանսիայում պետական աջակցություն չեն ստանում, որովհետեւ նման ֆիլմերը շահույթ չհետապնդող են եւ հովանավորներ չեն լինում: Գումար վաստակում ես, երբ ինքդ վաճառում ես հեռուստատեսությանը»,- ասում է նա:
Ֆրանսիացի ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե նմանօրինակ ֆիլմերը կարո՞ղ են որեւէ բան փոխել բնապահպանական առումով: «Եթե անկեղծ լինեմ, չեմ կարծում, որ որեւէ երաժշտություն, ֆիլմ, գիրք կամ արվեստի ցանկացած տեսակ կարող է փոխել աշխարհը: «Green»-ը Ինդոնեզիայի անտառների հատման մասին է, բնությանը վնասող գործունեությունը դադարեցնելու զգուշացում: Քիչ հավանական է, որ այդ ֆիլմերից հետո բնության վնասարարները կդադարեցնեն իրենց սեւ գործը: Հիսուն տարի անց անտառ չի լինելու, բայց գտնում եմ, որ ավելի լավ է ինչ-որ քայլեր անելը, քան ոչինչ չանելը»,- պատասխանեց նա: