Ըստ ճանաչված կոմպոզիտորների, հայ կատարողական արվեստը հուսալի ձեռքերում է
Հ. Առաքելյանի, Ա. Չոլակյանի, Ս. Սմբատյանի եւ Հ. Ավանեսյանի հետ ավագ գործընկերները հույսեր են կապում:
«Հանդիսատեսի համար աննկատելի են այն ակնթարթային զրույցները, որոնք տեղի են ունենում դիրիժորի եւ նվագախմբի արտիստների միջեւ: Որքան դիրիժորը մոտենում է իր գեղարվեստական մեկնաբանման կատարելությանը, այնքան ուժեղանում է նրա եւ ունկնդրի միջեւ ստեղծված հաղորդակցական-զգայական կապը, շիկանում հնչյունների իսկապես կախարդական աշխարհի անբացատրելի մթնոլորտը: Դիրիժորության մեջ կերպարներ կերտելը, արտահայտչամիջոցներ որոնելու ճանապարհն անվերջ է: Այս դեպքում հիացած եմ երիտասարդ դիրիժոր, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի պրոֆեսիոնալիզմով եւ այլ հատկանիշներով: Դժվար է խոսքերով ներկայացնել երաժշտական կատարողական արվեստին բնորոշ բոլոր գծերը»,- այս խոսքերով սկսեց «Առավոտի» հետ զրույցը անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգի ավարտից հետո: Կոմպոզիտորը գովեստի խոսքեր հնչեցրեց մենակատարների՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի (Բելգիա), սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի (Գերմանիա) եւ հոբոյահար Արտեմի Չոլակյանի (Ռուսաստան) հասցեին: Ուրախությամբ փաստեց, թե առաջին անգամ է հանդիպում, որ բուկլետում նշված չէ երաժիշտների բնակության վայրը. «Հայ են, անկախ նրանից, թե որտեղ են ապրում, սովորում, կատարելագործվում ու ստեղծագործում»: Ասաց նաեւ, որ հիացած է նվագախմբի ու դիրիժորի՝ Մարչելլոյի, Բենդայի, Մորինելլիի, Շոսոնի, Ռավելի ստեղծագործությունների մեկնությամբ, հավելելով, որ իր համար նույնիսկ պատիվ էր լսելու Արամ Խաչատրյանի հիշատակին գրված Էդվարդ Միրզոյանի «Պոեմ էպիտաֆիա լարային նվագախմբի համար» ու Ալեքսանդր Հարությունյանի «Թեմա եւ վարիացիաներ լարային նվագախմբի համար» վաղուց չկատարված գործերը, այն էլ երիտասարդների՝ նման բարձրարվեստ մեկնաբանմամբ: Ասաց նաեւ, որ գեղարվեստական հագեցված, պատկերավոր ու հարուստ լեզվով, մատչելի ու մեկ շնչով գրված միրզոյանական ու հարությունյանական երկերը հենց սկզբից ունկնդրին տեղափոխում են այն աշխարհը, որ հատուկ է միայն իրենց: Ապացույցը՝ դահլիճի բուռն ընդունելությունը:
Մեզ հետ կարճատեւ զրույցում Էդ. Միրզոյանը եւ Ալ. Հարությունյանը նշեցին, որ իրենց համար իսկապես պատիվ է, երբ այսօր լսում են իրենց երկերը նման մեկնաբանմամբ, հատկապես Երիտասարդականի կատարմամբ, ուրեմն հայ կատարողական արվեստը հուսալի ձեռքերում է: Էդ. Միրզոյանը ասաց նաեւ, որ ընդամենը մի քանի տարվա կենսագրություն ունեցող այս նվագախմբի հայաստանյան եւ արտերկրյա հաջողությունները ինքը պայմանավորում է Ս. Սմբատյանի՝ Վլադիմիր Սպիվակովի, Դենիս Մացուեւի, Վադիմ Ռեպինի, Վալերի Գերգիեւի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մաքսիմ Վենգերովի, Բորիս Բերեզովսկու եւ այլ հանրահայտ արվեստագետների հետ միջազգային փառատոներին ունեցած մասնակցությամբ ու դրանցով հաստատված ստեղծագործական կապերով: Ալ. Հարությունյանն էլ հայտնեց, որ կոնկրետ իր համար երկրորդական պլանում չէ այն, որ նվագախումբն իր ղեկավարի հետ Հայաստանում եւ արտերկրում իրականացնում է բազմաթիվ բարեգործական նախագծեր՝ համերգներ մանկատներում, բարեգործական դրամահավաքներ, երիտասարդ սկսնակ երաժիշտներին աջակցություն եւ այլն: