Լրահոս
Օրվա լրահոսը

Հին հակառակորդները չեն դավաճանում

Հոկտեմբեր 18,2011 00:00

\"\"Նոյեմբերի 13-ին տեղի կունենա Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԸԸՀ կներկայացնեն հոկտեմբերի 9-14-ը, թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտեմբերի 14-19-ը, նախընտրական քարոզարշավը՝  հոկտեմբերի 26-նոյեմբերի 11-ը:
Իջեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի չորս թեկնածու՝ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, «Դավսեր» ՍՊԸ փոխտնօրեն, ՀՀԿ անդամ Արծրունի Ղալումյանը: Վարդան եւ Արծրունի Ղալումյանները բարեկամներ են: Կուսակցական բոլոր թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են:
Ակնհայտ է, որ հիմնական պայքարը գործող քաղաքապետի եւ Վարդան Ղալումյանի միջեւ է լինելու: Բայց ամենազարմանալին Աշոտ Բեգինյանի առաջադրումն է: Իջեւան քաղաքում շատերին հարցուփորձ արեցի, սակայն նրան ոչ ոք չէր ճանաչում: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Բեգինյանը նախկինում Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի բնակիչ էր, Իջեւան քաղաքում գրանցվել է այս տարվա մարտի 5-ին: Մինչ փորձում էինք պարզել՝ ով է Բեգինյանը, նա ԸԸՀ-ին տեղեկացրել էր, որ հրաժարվում է ընտրապայքարից:
1999 թվականից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանը չորս անգամ քաղաքապետ է ընտրվել՝ լինելով անկուսակցական: Հիմա նա հանրապետական է:
Վարդան Ղալումյանը Իջեւանի ավագանու այն 8 անդամներից է, ովքեր 2009թ. հոկտեմբերին անվստահություն էին հայտնել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: ՀՀ կառավարությունը գտավ, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու հիմքեր չկան: Քաղաքապետ Ներսիսյանը ավագանու նիստերին անհարգելի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրեց այդ 8 անդամներից 5-ի, այդ թվում՝ Վարդան Ղալումյանի լիազորությունները: Վերջիններս քաղաքապետի որոշումը բողոքարկեցին դատարան, սակայն քաղաքապետի որոշումը մնաց ուժի մեջ: Քաղաքապետ-ավագանի վեճի ու լարվածության մասին «Առավոտը» գրում է 2009 թվականից՝ 03.10.2009՝ «Ավագանին՝ ընդդեմ քաղաքապետի», 12.11.2009՝ «Քաղաքապետը հաղթեց», 15.02.2011՝ «Հանգուցալուծեցին» եւ այլն: Հիշեցնենք, որ այս թոհուբոհի ժամանակ քաղաքապետը անկուսակցական էր, նա հանրապետական է դարձել այս տարվա ապրիլ-մայիսին: Իսկ Վարդան Ղալումյանը այս տարվա մայիսի 31-ին կրկին ընտրվեց Իջեւանի ավագանու անդամ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել